Դոկտոր Արմեն Հախնազարյան
Պատմական հուշարձանների վերականգնում ՀՃՈՒ հասարակական կազմակերպության գործունեությունը պատմական հուշարձանների վերականգման ոլորտում սերտորեն առնչվում է կազմակերպության հիմնադիր տնօրեն, ճարտարապետության և տեխնիկական գիտությունների դոկտոր Արմեն Հախնազարյանի անվան հետ: Անձնական նախաձեռնությամբ կամ ակտիվ մասնակցությամբ նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայաստանում, Արցախում, Իրանում և Սիրիայում գտնվող հայկական պատմական մի շարք հուշարձանների վերականգնման գործում:
1970-1980-ական թթ. Ա. Հախնազարյանի ջանքերով հայկական պատմական մի շարք հուշարձաններ են վերականգնվել Պատմական Հայաստանի Արտազ գավառում՝ ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատական նահանգում: Շուրջ 6 տարի նա Վարուժան Առաքելյանի հետ միասին գլխավորել է Արևմտյան Ատրպատականում գտնվող Սբ. Թադևոս առաքյալի և Ծործորի Սբ. Աստվածածին վանքերի, ինչպես նաև Սբ. Սանդուխտ մատուռի վերականգնման աշխատանքները: Նրա անմիջական մասնակցությամբ է վերականգնվել նաև Արևելյան Ատրպատականում գտնվող Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը:
1982-1985 թթ. Ա. Հախնազարյանի վերահսկողությամբ վերականգնվել են Թեհրանի Սբ. Գևորգ, Սբ. Սարգիս և Սբ. Գրիգոր եկեղեցիները:
1987 թ., համագործակցելով «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ, Ա. Հախնազարյանը մասնակցել է Սիրիայի Քեսաբի շրջանում գտնվող 2 եկեղեցիների (այդ թվում՝ Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս) և որոշ հայկական տների վերականգնման աշխատանքներին (վերջիններից մեկն Աշգարյանների տունն է):
Դժբախտաբար, Ա. Հախնազարյանին վիճակված չէր տեսնել վանական համալիրի ամբողջական վերականգնումը, որն այսօր էլ դեռ ընթացքի մեջ է: 2009 թ. փետրվարի 19-ին նա անժամանակ հեռացավ կյանքից՝ անավարտ թողնելով ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ նախագծեր:
Դարձյալ համագործակցելով «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ՝ 1995 թ. Ա. Հախնազարյանը գլխավորել է Սյունիքի մարզի Տաթև գյուղի Սբ. Մինաս եկեղեցու (ԺԷ դար) վերականգնման աշխատանքները (նախագծի հեղինակներ՝ Սամվել Այվազյան և Ամիրան Բադիշյան): 1997 թ. նրա վերահսկողությամբ վերականգնվել է նույն մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղի ծխական Սբ. Ստեփանոս (1866 կամ 1868) եկեղեցին (գործը նախաձեռնել էին տեղացիները):
1998-2001 թթ. Ա. Հախնազարյանը ղեկավարել է Արագածոտնի մարզում գտնվող Սաղմոսավանքի վերականգնման աշխատանքները:
2003 թ. դեկտեմբերին ամրակայման աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանական համալիրի (Ե-ԺԸ դդ.) համանուն մատուռում, որի վերականգնումը սկսվել էր 2004 թ. գարնանը և ավարտվել 2005 թ. գարնանը:
2006 թ. վերականգնման աշխատանքներ են սկսվել Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի եկեղեցում. նորոգվել է նրա ծածկը, կառուցվել նոր զանգակատուն, բարեկարգվել և պարսպապատվել է եկեղեցու տարածքը (նախագծերի հեղինակ՝ Սամվել Այվազյան):
Համագործակցելով «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ՝ Ա. Հախնազարյանը վերականգնման աշխատանքներ է իրականացրել նաև Արցախի Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում:
Դեռևս 1997 թ. Ա. Հախնազարյանը վերականգնման լայնածավալ աշխատանքներ սկսեց Արցախի ազատագրված Քարվաճառի շրջանում գտնվող Դադի վանական համալիրում (նախագծերի հեղինակ՝ Սամվել Այվազյան): 2005 թ. Մարգրիթ Հախնազարյանի մեկենասությամբ վերականգնվեց վանքի զանգակատունը (ավելի մանրամասն տես Ս. Այվազյանի «Դադի վանքի վերականգնումը 1997-2011 թթ.» գիրքը):
2009 թ. Արմեն Հախնազարյանը և Սամվել Այվազյանը «Տարվա լավագույն կառույց» համահայկական մրցույթ-ցուցահանդեսում «հուշարձանների վերականգնում» անվանակարգում արժանացել են առաջին կարգի մրցանակի Դադի վանական համալիրի հոգևոր կառույցների ուսումնասիրման, վերականգնման նախագծի և իրականացման համար: