Բնակչության տեղաշարժեր

1829-30 թթ. ներգաղթից հետո Ջավախքում հաստատված հայերի շրջանում նկատվում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մասնակի տեղաշարժեր: Երևույթն առավելապես պայմանավորված էր տնտեսական գործոններով և շարունակվել է մինչև ԺԹ դարի կեսերը: Նորահաստատ գյուղերի բնակիչները մերթընդմերթ փոխադրվում և նոր բնակավայրեր էին հիմնում ոչ միայն Ախալքալաքի, այլև մինչև իսկ հարևան գավառների տարածքում: Այդ կերպ, օրինակ, հարևան Թռեղքում (Ծաղկայի շրջան) ԺԹ դարի առաջին կեսին հիմնադրվել էին գյուղեր, որոնք կրկնում էին Ջավախքում արդեն իսկ գոյություն ունեցող գյուղանունները: Այդպիսիք էին Նոր Արագյալ, Նոր Բուռնաշեթ և Նոր Կորխ գյուղերը:

Ջավախահայության ներքին տեղաշարժերը նկատվում են` սկսած 1830 թ-ից: Այսպես, 22 տուն բրդոնքցիները սկզբում 2 ամիս ապրել են Սամսարի տարածքում, այնուհետև նրանցից 7 տունը հաստատվել է ներկայիս Ականա գյուղի տեղում, իսկ 15-ը՝ փոխադրվել Մեծ Արագյալ:

1834 թ. Գոմ գյուղում հանգրվանել էին Արակովայից փոխադրված մի քանի ընտանիք:

1836 թ. Էխթիլայի բնակիչների մի մասը փոխադրվել ու հիմնել էր Էխթիլա-Սամսար (Փոքր Սամսար), մյուս մասը՝ Լոմատուրցխ, իսկ 7 ընտանիք էլ՝ Տրկնա գյուղերը:

1844 թ. Բուռնաշեթում հաստատված հայերից 15 ընտանիք հեռացել էր գյուղից և փոխադրվել Ծաղկայի շրջան՝ հիմնադրելով Նոր Բուռնաշեթ գյուղը:

1845-47 թթ. կորխեցիների մի մասը փոխադրվել է Ծաղկայի շրջան և մի ավերակ գյուղատեղիի տարածքում հիմնել Նոր Կորխ անվամբ գյուղը:

1854 թ. կազմված տեղեկագրի համաձայն` Ծաղկայի գավառի Նոր Կորխ և Նոր Արակովա գյուղերի հայ բնակիչները փոխադրվել էին Ախալքալաքի գավառ` իրենց եկեղեցիները թափուր թողնելով. «…երկոքին գիւղօրայք, որք են Նոր Կորխ և Նոր Արակովայ գաղթեալք ի նահանգէն Ծաղկայի, ի նահանգն Ախլքալակայ…» __19 :

1855-56 թթ. Թոքը իսպառ հայաթափվել է բնակիչների՝ Սամսար լեռան ստորոտում նորահիմն Փոքր Սամսար գյուղ փոխադրվելու պատճառով:

1870-ականների սկզբներին Ղուլալիս էին փոխադրվել Ծաղկայի գավառի Ղաբուռ, Ջինիս և այլ գյուղերից հեռացած բնակիչները:

Մեծ Սամսարի բնակիչների նախնիները, սկզբում հաստատվելով Թոք գյուղում, 1848 թ. փոխադրվել և հիմնել են ներկայիս իրենց այժմյան բնակավայրը՝ Թոք տեղանունը կցելով Սամսարին:

1852 թ. Ծաղկայի Նոր Կորխ գյուղից հեռացած հայերի մի քանի ընտանիք հաստատվել և շենացրել է Օլավեր գյուղատեղին:

1850-ական թվականների սկզբին Սիրկը հիմնադրել են Կաճո գյուղից փոխադրված մի քանի հայ ընտանիքներ:

1860-ական թթ. Մոլիթ գյուղը հիմնադրել են Զակ, Տրկնա գյուղերից և Ծաղկայից փոխադրված հայերը:

Նույնպես 1860-ականներին Կորխ, Բարալեթ և Տրկնա գյուղերից հեռացած հայ ընտանիքները հիմնել են ներկայիս Տաբածղուրը:

1907 թ. Կորխից հեռացած մի քանի հայ ընտանիք հիմնեց Թոթխամ գյուղը:

Բոզալին 1927-29 թթ. հիմնադրել են սուլդացի հայերը:

Կաթնատուն 1928 թ. հիմնադրել են Թորիայից և Ուջմանայից փոխադրված հայերը:

Ժդանովականը 1930-32 թթ. Հեշտիա գյուղի ամառային արոտավայրի տեղում հիմնել են Հեշտիայից փոխադրված մի քանի հայ ընտանիք:

1944 թ. Բեժանոյից փոխադրված մի քանի հայ ընտանիքներ շենացրել են Դավնիա գյուղը:

1944 թ. Խավեթում բնակություն են հաստատել Մրակոլ (Մրակովալ) գյուղից փոխադրված հայերը:

Առավել փոքրածավալ, ներքին տեղաշարժեր Ջավախքում նկատվել են նաև հետպատերազմյան տարիներին: Այդ երևույթը գրեթե մարեց 1960-90-ական թթ.:

1993-94 թթ., պայմանավորված օրավուր սրվող քաղաքական և վատթարացող տնտեսական գործոններով, Ջավախքում սկիզբ է առել բնակչության արտագաղթ՝ գլխավորապես դեպի Ռուսաստանի Դաշնություն, որն այսօր էլ, ցավոք, չի դադարել: