ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ջավախքում առաջին կրթական հաստատությունները հիմնադրվել են դեռևս 1837 թ-ից: Հայտնի է, որ այդ թվականին գավառի մի շարք բնակավայրերում (օրինակ՝ Աբուլ, Դիլիսկա, Չամդուրա) գործել են խալֆայական կարգի մասնավոր դպրոցներ:

Մեզ հայտնի ամենահին եկեղեցական-ծխական դպրոցը հիմնվել է 1836 թ. Ախալքալաքում: 1860-ական թթ-ից գավառի գյուղական առավել մարդաշատ բնակավայրերում բացվում են ծխական նոր դպրոցներ: Երևույթ, որը վերելքով շարունակվում է մինչև 1880-ական թվականների սկզբները, երբ երկրամասի խոշոր բնակավայրերում (օրինակ՝ Դիլիսկա, Կարծախ, Սաթխա, Վաչիան) կառավարության որոշմամբ բացվում են ռուսական (պետական, արքունի) դպրոցներ: Վերջիններս ծանր հարված են հասցնում նյութական անապահով վիճակում գտնվող և մի կերպ պահպանվող հայոց եկեղեցական-ծխական դպրոցներին, քանի որ անգետ ազգաբնակչության մի ստվար հատված զավակներին ազգային կրթություն տալու փոխարեն ուղարկում էր ռուսական դպրոցներ` դրանով իսկ նպաստելով օտար դպրոցի բարգավաճմանն ու ազգայինի անկմանը: Առանց այդ էլ դժվարին կացության մեջ հայտնված Ջավախքի ծխական դպրոցները կառավարության կարգադրությամբ 1885 թ. և 1896-1905 թթ., համայն հայոց դըպրոցների օրինակով, ևս փակ մնացին: Վերաբացման թույլտվություն ստանալուց հետո (1905 թ.) կրթական գործը Ջավախքում նոր վերելք ապրեց: Մինչև 1918 թ. կրթօջախներ են վերաբացվում երկրամասի ավելի քան 40 բնակավայրերում: 1918-1921 թթ. խառնակ տարիներին ողջ երկրամասի կրթական համակարգը կաթվածահար է լինում __11. Երկրամասի կրթական գործի համապարփակ պատմության մասին տե՛ս Մելքոնյան Աշոտ, Նյութեր Ախալցխայի և Ախալքալաքի դպրոցների պատմությունից, Երևան, 2005: :

Խորհրդային կարգերի հաստատումից հետո վերականգնվող բնակավայրերին զուգընթաց, ըստ տվյալ գյուղի բնակչության թվաքանակի, հիմնվում են միջնակարգ, ութամյա և տարրական հայկական դպրոցներ, որոնց ուսումնական ծրագրում Վրաստանի լուսավորության նախարարության խտրական կեցվածքի պատճառով արգելվում և չեն դասավանդվում «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները (ինչպես էր Խորհրդային Ադրբեջանին մինչև 1988 թ. բռնակցված Արցախում): Ցավոք, հակահայ այս կեցվածքը որդեգրել և իրականացնում են նաև Վրաստանի ներկայիս իշխանությունները: Վրաստանի անկախացումից հետո ժողովրդավարական արժեքներին և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված և երկրում օրենսդրորեն ամրագրված պարտավորություններին հակառակ` անկախ Վրաստանի բոլոր վարչակարգերը ոչ միայն շարունակեցին համառորեն վարել խորհըրդային տարիներից ժառանգված խտրական քաղաքականությունը, այլև նոր քայլեր ձեռնարկեցին Ջավախքի հայալեզու կրթական համակարգի լիակատար քայքայման ուղղությամբ: