ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Ջավախքը բազմաբնույթ և բազմադարյան հուշարձաններով առավել հարուստ տարածաշրջաններից է: Երկրամասի տարածքում հայտնաբերվել են տասնյակ հնագիտական, նախաքրիստոնեական հուշարձաններ: Առավել հարուստ ու բազմազան է հուշարձանների միջնադարյան բաժինը: Այստեղ առկա են հայկական (հայ-առաքելական, հայ-քաղկեդոնական և հայ-կաթոլիկ), վրացական, ինչպես նաև թուրքական տիրապետության ժամանակաշրջանում կառուցված մի քանի մահմեդական հուշարձաններ:

Ժ-ԺԱ դարերով թվագրվող ճարտարապետական պաշտամունքային կառույցների զգալի մասն ակնհայտորեն կրում է հայկական, վրացական և բյուզանդական մշակույթների փոխազդեցությունների կնիքը: Երևույթ, որը դրսևորվել է բազմաթիվ յուրօրինակ և հատկանշական հուշարձաններում:

Ցայժմ երկրամասի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ գերազանցապես զբաղվել են վրացի մշակութաբաններ: Սակայն վերջիններիս հրատարակած նյութերի հիմնական մասը ցավալիորեն հաճախ աչքի է ընկնում արծարծած նյութի մակերեսային մատուցմամբ, ինչպես նաև, որպես կանոն, կանխակալ և միտումնավոր մեկնաբանություններով:

Վրացազգի մի շարք ուսումնասիրողներ, առաջնորդվելով ոչ թե գիտության, այլ ազգայնամոլական շահերով, առնչվելով մեծաքանակ հայկական պատմական հուշարձանների հետ, իրենց հրատարակություններում անտեսել կամ պարզապես զանց են առել դրանց գոյությունը: Միաժամանակ իբրև զուտ վրացական է ներկայացվել հայ-քաղկեդոնական մշակութային շերտը: Առաջնորդվելով Ջավախքում հայկական միջնադարյան հուշարձանների գոյության ժխտման և բացառման սկզբունքով` վրացի մի շարք հետազոտողներ հանգել են ծայրահեղ անհեթեթ պնդումների: Օրինակ, Վրաստանի մշակութային արժեքների պահպանության գերատեսչության փոխտնօրեն Պաատա Գափրինդաշվիլին խնդրո առթիվ հայտարարել է, թե «Հնարավոր է, որ մի քանի գյուղերում լինեն ժամանակակից հայկական հուշարձաններ, իսկ հայկական պատմական հուշարձանի ոչ մի տեղ չեք հանդիպի: Այդ մասին վիճելն անգամ անհեթեթություն է…» __11. “კვირის პალიტრა”, 25-31. 07. 2005, No 30: : Վերջինիս հայրն էլ՝ ավագ գիտաշխատող Գիվի Գափրինդաշվիլին, որը 1958 թ-ից սկսած` 40 տարի շարունակ, զբաղվել է Ջավախքի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ, նշել է. «Ընդհանրապես, ԺԹ դարից ավելի հին հայկական հուշարձան տարածաշրջանում չի արձանագրվել» __22. “კვირის პალიტრა”, 25-31. 07. 2005, No 30: :