ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Գետավանի կամուրջներ
Միմյանցից 3-4 մ հեռավորությամբ երեք կամրջախելեր են պահպանվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում` Տրտու (Թարթառ) գետի աջ ափին, ծովի մակերևույթից 795 մ բարձրության վրա: Ըստ ամենայնի` Ժ-ԺԳ դարերում տեղում յուրաքանչյուր հնի ավերումից հետո հաջորդաբար կառուցված բոլոր երեք կամուրջներն էլ ունեցել են միաթռիչք հորինվածք: Գետի հանդիպակաց` ձախափնյա կամրջախելերից ոչ մեկն իսկ չի կարողացել դիմակայել ջրի դարավոր ներգործությանը և իսպառ անհետացել է: Բոլոր երեք կամուրջներն էլ կառուցված են եղել անմշակ քարով, կրաշաղախով: Բոլորից լավ է պահպանվել ստորին կամրջի խելը` 5,46 մ, ապա միջին կամրջախելը` 4,40 մ անցուղու լայնությամբ: