ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Մազի (Գետի Գոմերի) կամուրջներ
Գտնվում են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծշեն և Տոնաշեն գյուղերի միջասահմանին` Մատաղիսից Տրտու (Թարթառ) գետի հովտով դեպի Ջրաբերդ ձգվող ճանապարհի միջնամասում, միմյանց կից: Համաձայն շինարարական արձանագրության` երկրորդ կամուրջը կառուցվել էր 1902 թ. տոնաշենցի Հարություն Հայրապետյանցի նյութական օժանդակությամբ և վարպետ Աբրահամ Քամալյանցի ջանքերով.
Հայս կամուրջս շինվեց 1902 թ. Տոնաշեն գ(յու)ղ(ացի) Հարու(թ)յ(ու)ն Հայրապետյանի ծախսովն: Այս գարմուրջիս վարպետըն է Գյունէ ճարտարեցի Աբրահամ Քամալեանց, 1902 թ.:
Հրատ. առաջին անգամ:
Կամրջին կից առկա է ակնհայտորեն ավելի հին` հավանաբար միջին դարերից ավանդված և վստահաբար շատ ավելի վաղ կործանված մեկ այլ կամրջի մնացորդներ (ավելի լավ է պահպանվել ձախակողմյան խելը):
Արցախի ազատամարտի ընթացքում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Մազի կամ Գետի Գոմերի կամուրջը, ցավոք, պայթեցվել է: Ոչնչացված կամրջի տեղում ներկայումս ավելի բարձր դիրքում կառուցված է մետաղական կառուցվածքով նոր կամուրջ:
Կամուրջն ուներ 8,62 մ թռիչքի երկարություն և 4,20 մ անցուղու լայնություն: Բարձրությունը ջրի մակարդակից 10,75 մ էր: