ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Յանցի կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղի հարավարևմտյան եզրին` Արթինաջուր գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 930 մ: Բանանցի Մեծ կամ Հին կամրջից հետո Յանցի կամուրջն իր նշանակությամբ 2-րդն էր: Միաթռիչք է, թաղը՝ կիսաշրջանաձև: Կամրջի հոսքընթաց ճակատին` կամարի կողպեք քարին, պատկերված է ձիու գլուխ, որը, ամենայն հավանականությամբ, տոհմական զինանշան է: ԺԹ դարում Յանցի կամուրջը նորոգել է Շամի Սաքին: Թռիչքի երկարությունը 10,70 մ է, անցուղու լայնությունը՝ 4,90 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 7,25 մ: Կառուցողական առանձնահատկությունները հարազատ են ԺԸ դարի համանման այլ կառույցներին:

Կամրջի հոսքընդդեմ ճակատի կենտրոնում՝ կամարի գագաթին ագուցված սպիտակ մարմարե քարին, փորագրված է 1918 թ. կատարված նորոգության մասին պատմող արձանագրությունը:

«Յանցի» կամուրջ. մարմարե սալիկին (60 x 40 սմ)` 5 տող.

Կամուրջս այս վերանորոգեց | Սարգիս Վիրաբեան | Յակոբէանց, անմահ | յիշատակ իր | ծնողաց, 9.6.1918 թ.:

Հրատ. Կարապետյան Ս., Հյուսիսային Արցախ, Բեյրութ, 2004, էջ 157:

Աշխարհագրական կոորդինատներն են` N 40՛32՛59.66՛՛, E 46՛08՛50.43՛՛: