ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Նախաբան

Հազարամյակների ընդգրկում և բազմազան գործառություն ունեցող հայ ճարտարապետության անհամար հուշարձանների շարքում աշխարհացույցյան կամ Պատմական Հայաստանի տարածքում իրենց ուրույն տեղն ունեն կամուրջները:

Չորս գլխավոր գետերի և նրանց բյուրավոր վտակների ցանցով պատված Հայկական լեռնաշխարհի քաղաքներն ու գյուղերը հնագույն ժամանակներից ի վեր հաղորդակցվել են մեծ ու փոքր գետերը հաղթահարած բազմահորինվածք կամուրջներով:

Ինչպես գավառային, նահանգային կամ միջպետական ճանապարհները, այնպես էլ դրանց սպասարկող կամուրջներն ունեին համապատասխան կարևորություն: Ճիշտ այս հանգամանքի պատճառով տարանցիկ ճանապարհներին գտնվող կամուրջները, օրինակ, իրենց ճարտարապետական հորինվածքով հարկադրված էին ապահովել նաև մաքսատան գործառույթը, որով էլ պայմանավորված` այդօրինակ կամուրջներն իրենց ներսում ունեցել են պահակների և մաքսավորների համար նախատեսված սենյակներ, մինչդեռ տարանցիկ ճանապարհներից դուրս գտնվող կամուրջները, անկախ իրենց չափերից, զուրկ են եղել հորինվածքային նշյալ հավելումներից:

Հուշարձանագիտության ոլորտին նվիրված աշխատությունների քննությունը ցույց է տալիս, որ մասնավորապես կամրջաշինության բնագավառը մասնագետների ուշադրությանը համեմատաբար ավելի քիչ է արժանացել: Բավական է նշել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող միջնադարյան կամուրջների ամենամեծ խումբը ներկայացնող արդեն շուրջ կեսդարյա վաղեմություն ունեցող աշխատությունը պարունակում է ընդամենը շուրջ 4 տասնյակ խնդրո առարկա հուշարձան. «Այժմ նրանցից Սովետական Հայաստանի տերիտորիայում պահպանվել են կանգուն, կիսավեր կամ չնչին մնացորդների ձևով, միջնադարին և ուշ միջնադարին վերաբերող 40-ի չափ հուշարձաններ» __11. Հարությունյան Վ. , Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960, էջ 69: Գասպարյան Մ. , ՀՍՍՀ հին կամուրջները, «Բանբեր Երևանի Համալսարանի», 1987, № 2, էջ 205-208::

Բնագավառը շոշափել են ընդհանուր բնույթի ուսումնասիրությունների այլ հեղինակներ ևս __22. Щусев П. , Мосты и их архитектура, Москва, 1953, с 176-182, 188. Ի դեպ, Շչուսևը ողջ աշխարհի կամուրջներին նվիրված իր աշխատության մեջ ներկայացրել է ՀԽՍՀ և Նախիջևանի ԻՀ տարածքում պահպանված հայկական շուրջ 2 տասնյակ կամուրջ::

Սույն հատորը ներառում է Պատմական Հայաստանի Արցախ նահանգի տարածքում արձանագրված ինչպես կանգուն կամ մասամբ պահպանված, այնպես էլ վաղուց անհետացած 98 միավոր հուշարձան:

Համոզված ենք, որ ներկայացված նմուշների ցանկը հետագա հետազոտությունների շնորհիվ դեռևս կարելի է լրացնել:

Հայաստանի այլ տարածաշրջանների նմանությամբ արցախյան կամուրջների շարքում նույնպես գերակշռում են միաթռիչք հորինվածք ունեցողները, որոնք հուսալիորեն իրար են միացրել գետահովիտների կամ կիրճերի` սովորաբար բնությունից տեղանքով առավել սեղմված հակադիր կողմերը:

Ժամանակի փորձությունը, սակայն, ցույց է տվել, որ հարատևել են հատկապես այն կամուրջները, որոնց խելերը խարսխված են եղել բնականից աներեր առափնյա ժայռազանգվածների վրա, և, ընդհակառակը, կործանվել են, երբ խելերից թեկուզ մեկը չի ունեցել ժայռեղեն պատվանդան: Ասվածի ապացույցն են քանդված այն բազմաթիվ կամուրջները, որոնց երբեմնի գոյությունն այժմ փաստվում է գետի որևէ կողմում առկա խելի մնացորդներով` այն էլ բնական ժայռազանգվածին անպայմանորեն հաստատված:

Տեղանքի ընտրության միևնույն սկզբունքն առանցքային է եղել նաև երկթռիչք, եռաթռիչք և բազմաթռիչք կամուրջների հորինվածքներում:

Տեղին է նշել, որ գետերի հոսանքները ջրից դուրս ցցված բնական ժայռազանգվածների օգնությամբ հաղթահարելու հարմարություն ունեցող տեղանքը արցախյան խոսվածքում ցարդ անվանվում է «քարավազ» (օր. «գետն անցնելու քարավազ տեղ կա»): Այս բարդ բառի բաղադրիչներն են քար և վազ բառարմատները, իսկ սրանց միաձուլումից ծնված «քարավազ» հասկացությունը խոսում է տեղանքում քարերի վրայով վազ տալու (վազելու) հարմարության առկայության մասին:

Ուշագրավ է, որ քարավազ բառն իր նույնական իմաստով գործածական է եղել դեռևս միջին դարերում, ընդ որում, երբեմն վերածվել է նաև հատուկ անվան: Ասվածի վառ օրինակն է Արաքսի քարավազ վայրերից մեկում կառուցված հռչակավոր այն կամուրջը, որն արդեն ԺԳ դարում վկայվել է Քարավազի կամուրջ հատուկ անվամբ (այս կամուրջն ուշ միջնադարում ավելի հայտնի էր Խուդափերին անունով):

Արցախյան կամուրջների հիմնական շինանյութը կրաշաղախով միաձուլած անմշակ և կիսամշակ քարն է, սակայն մեզ են հասել նաև աղյուսի համադրմամբ իրականացված կամուրջներ (օր. Խաղխաղի, Քարավազի Նոր, Գանձակի և այլն): Մինչդեռ նույնիսկ վերջիններիս դեպքում կամրջախելերի հիմքերը շարված են բացառապես քարով: Հարկ է նկատել նաև, որ աղյուսի կիրառմամբ կառուցված արցախյան բոլոր կամուրջները գտնվում են երկրամասի դաշտավայրային քարազուրկ շրջաններում, ուստի տվյալ պարագայում աղյուսի կիրառումը թելադրված է եղել ոչ թե շինանյութի այդ տեսակի որակական առավելություններով, այլ պարզապես հարթավայրային գոտում դիմացկուն քարատեսակների իսպառ բացակայությամբ: Ինչ վերաբերում է արցախյան կամուրջների շարվածքում սրբատաշ քարի հազվադեպ երևույթին, ապա սա էլ բացատրվում է տեղական քարատեսակների որակական հատկանիշներով (Արցախը որքան հարուստ է կրաքարով և ավազաքարով, նույնքան աղքատ է բազալտի և գրեթե զուրկ` տուֆի հանքավայրերից), որոնց մշակման գաղտնիքներին գերազանցորեն տիրապետող արցախցի քարգործ վարպետները, որպես կանոն, նախընտրում էին դրանք գործածել անմշակ կամ կիսամշակ վիճակում: Սակավադեպ հանդիպող սրբատաշ շարն իրականացված ենք տեսնում կամուրջների միայն թաղակիր հատվածում, այն էլ առավելաբար միայն կամարի անկյունաքարերում:

Հատկապես 5-6 մետրից ավելի թռիչք ունեցող կամուրջների պարագայում թաղի ծանրությունը միայն կամարի վրա չծանրացնելու համար արցախցի կամրջաշինարարներն օգտագործել են նաև Հայաստանի այլ նահանգներում հանդիպող կամուրջների շինարարական հնարքները, այն է` կրկնակամարի կիրառումը: Ինչ վերաբերում է խելերի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկված միջոցներին, ապա դրանցում աչքի է ընկնում խելերի միակողմ կամ երկկողմ, հատակագծում կիսաբոլորակ աշտարակ հիշեցնող հենապատերի (կոնտրֆորս) առկայությունը:

Բազմաթռիչք կամուրջների դեպքում էլ գետամիջի խելերը գետի հոսքընդդեմ ճակատում ապահովվել են ջրի դիմահար ալիքներն ավելի հեշտությամբ ճեղքելուն միտված սրանկյուն ավարտ ունեցող հենապատերով: Սրանց հատակագծում կիսաշրջան տարբերակներով էլ սովորաբար ամրացվել են խելերի հոսքընթաց ճակատները:

Կամուրջների թվագրման խնդրի առնչությամբ հարկ է նշել, որ դրանց միայն փոքր մասի վերաբերյալ շինարարական արձանագրություններ կամ գրավոր այլ վկայություններ պահպանված լինելու պարագայում, հարկավ, կառուցման ժամանակը հնարավոր է որոշել կառուցողական զանազան առանձնահատկությունների քննության շնորհիվ, որով և առաջնորդվել ենք սույն աշխատության մեջ:

Ակնառու է մեկ հանգամանք ևս. մեզ հասած արցախյան կամուրջներն իրենց ճնշող մեծամասնությամբ աշխարհ են եկել ազգային իշխանության գոյության պայմաններում: