ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Չանաղչուձորի (Քյոփրի գյոզի) կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Զակամ գավառում` ներկայիս Թոուզի շրջանի Աղբաշլար գյուղի մոտ: Կառուցման ստույգ ժամանակն անհայտ է, սակայն առավել հավանական է, որ դա տեղի ունեցած պետք է լիներ մինչև ԺԷ դարը: Քանդվել է ավելի վաղ, քան 1890 թ., քանի որ ականատես Սարգիս Քամալյանը նշյալ թվականին տեսել է միայն կամրջի զույգ խելերը. «Աթտի-Բուլաղից ներքև գնալով գետի ձախ կողմից Մհարլու ձորն է, ձորաբերանում մի քանի տնվոր, նրանից ցած Չանաղչի ձորն է աջ ափից, յետո կամուրջի ավերակ, բացի միջին մասից, միւս մասերը կան: Այդ խախտվելով շինելիք ճամբին էլ մնացել է կիսատ: Ուղեկցիս ասելով այժմ այս ձորով անցնելը դժար չէ, նախկին տարիները բոլորովին անհնար է եղել գետի վարար միջոցին անցնելը: Այժմ սայլ բանում է, ավերված կամրջի հանդեպ աջ ափին պահականոց կա, որին Քեորփի Գեոզ են ասում, իսկ ներքև ձախ կողմում ընկնում են Շամլուտ և Աղ-դարա ձորերը» __11. ԳԱԹ, Ս. Քամալյանի ֆ., տետր № 1, VI-11, թ. 34-35::