ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Պարտավի կամուրջ
Գտնվում է պատմական Հայոց Աղվանքի մայրաքաղաք Պարտավ քաղաքատեղիում` մերօրյա Բարդա քաղաքի հարևանությամբ` Տրտու (Թարթառ) գետի հին հունի վրա: Ծովի մակերևույթից ունի 77 մ բարձրություն: Անտարակույս, հետագա դարերում բազմիցս նորոգված կամրջի հիմնադրումը հարկ է վերագրել Պարտավի ծաղկման շրջանին` Ե-Է դարերին __11. Կարապետյան Ս. , Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 217-218:: 1880-ական թթ. վերջերին վաղուց արդեն ավերված կամրջի մասին ականատեսը նշել է. «…170 մետր երկարութիւն, 5 մետր լայնութիւն եւ 16 աչք, որոնց կամարներն արդէն քանդուած են և մնում են միայն ոտներն և երկու կողմերի պատերն: Սրբատաշ եղած են բոլոր անկիւնաքարերն, իսկ անտաշ` մնացեալ քարերն: Ինչպէս վկայում են, ունեցած է հայերէն արձանագրութիւն, բայց անյայտացած է, չկայ այժմ…» __22. Բարխուտարեանց Մ. , Արցախ, Բագու, 1895, էջ 31-32::
15 միջանկյալ և զույգ եզրային զանգվածեղ կամրջախելերի միջև 16 թռիչքներով ձգվող կամրջի մնացորդները, ըստ հետագա առավել վստահելի չափագրական տվյալների, ունեին միայն 4 մ անցուղու լայնություն և 120 մ ընդհանուր երկարություն __33. Усейнов М., Бретаницский Л., Саламзаде А. , История архитектуры Азербайджана, Москва, 1963, с. 40.: Շինանյութը գետաքար և կրաշաղախ է: