ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ջրվշտիկի (Մազի) կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք` Եղիշե Առաքյալ վանքից նույն ուղղությամբ 400 մ հեռու` Ջրվշտիկ կամ Եղիշե Առաքյալ գետակի վրա, խոր ձորի մեջ:

Կառուցման ժամանակի վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն կառուցողական առանձնահատկությունները թույլ են տալիս կառույցը թվագրել ԺԲ-ԺԳ դարերով:

Պահպանվել են միայն կամրջախելերը: Քանդվելու ժամանակը նույնպես անհայտ է, սակայն դա տեղի ունեցած պետք է լիներ 1884 թվականից շատ ավելի վաղ, քանի որ այդ թվականին ականատեսը նշել է. «Կամուրջը ոչ այլ ինչ է, եթէ ոչ երեք երերուն գերան փայտի կտորներով ծածկուտած: Նրա տակով, մօտ 200 ոտնաչափ ցածրութեամբ հանդիպակաց, ցից-ցից ժայռերի մէջտեղովն ահագին շառաչմամբ արշաւում է Եղիշէ Առաքելոյ գետակը…» __11. Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, «Մեղու Հայաստանի», 1885, № 66, էջ 3:: Հարկ է ավելացնել, որ վաղուց գոյություն չունեն նաև կամրջախելերն իրար կապող «երերուն գերանները»: Միաթռիչք կամրջի թաղակիր կամարի անկյունաքարերը եղել են սրբատաշ, իսկ մնացած հատվածներն ու հատկապես բարձր հիմնախելը շարվել են անմշակ քարով, կրաշաղախով: Թռիչքի երկարությունը 6,0 մ է, լայնությունը` 3,30 մ, բարձրությունը ջրի մակարդակից (ըստ վերակազմության)` 11,25 մ: