ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Քարավազի Հին (Խուդափերինի) կամուրջ
Գտնվում է Արցախի Կովսական գավառի տարածքում (այժմ` Քաշաթաղի շրջան)` Դիռի լեռան ստորոտում` Արաքս գետի վրա: Ծովի մակերևույթից ունի 248 մ բարձրություն: Կառուցման հավանական ժամանակը` Ե-Է դարեր: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛09՛25.39՛՛, E 46՛56՛15.17՛՛:
Ամենավաղ հիշատակություններից մեկը վերաբերում է ԺԳ դարին. «…Աղահեճը, որը հատում է Աղվանո գետը մինչև Քարավազի կամուրջը…» __11. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 263:: Արաբական և պարսկական աղբյուրներում կամուրջը վկայված է Հուդաֆերին, Խուդափերին անուններով:
Արդեն 1890-ական թթ. սկզբներին կամրջի առաջին հետազոտողներից մեկը նշել է. «Խիստ հնաշէն և համակ սրբատաշ քարով շինուած է վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ քարերի վերայ: Աչքերի կամարներից կանգուն են չորսն և քանդուած հինգն…» __22. Բարխուտարեանց Մ. , Արցախ, Բագու, 1895, էջ 62::
1975-1977 թթ. Արաքսի էներգետիկ հնարավորություններն ուսումնասիրելու խորհրդա-իրանական ծրագրի շրջանակներում կամուրջն առաջին անգամ չափագրվել է: Համաձայն ձեռք բերված տվյալների` 11 թռիչք ունեցող կամուրջն ուներ 130 մ երկարություն, 6 մ լայնություն և ջրի մակարդակից մինչև 12 մ բարձրություն __33. Мамедзаде К. , Строительное искусство Азербайджана, Баку, 1983, с. 47.: Հիմնադրումը վերագրվել է անտիկ, անգամ աքեմենյան դարաշրջանին: