ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Քարե կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության` Ադրբեջանին բռնակցված Շահումյանի շրջանի` 1992 թ.-ից հայաթափ Բուզլուխ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք` «Գյունե» տեղամասում պահպանված գերեզմանոցից շուրջ 300 մ հյուսիս` Փոքր Կուրակ գետի խոր ու խիստ նեղ մասում՝ ձորի երկու ափերին ցցված ժայռերին: Տեղաբնիկները կամուրջը կոչում էին «Քարե» անվամբ: Կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԸ դարին:

Ավանդաբար վկայվել է, որ կամուրջը կառուցել է մանաշիդցի Փուլլու Թյունին __11. Ղահրամանյան Կ., Օջախի գիրք. Նշխարներ, Երևան, 2002, էջ 45:: Թռիչքի երկարությունը 3,4 մ է, անցուղու լայնությունը՝ 3,7 մ, իսկ բարձրությունը ջրի մակարդակից՝ 8,7 մ: Կամրջի թաղակիր կամարի երկու շարք անկյունաքարերը սրբատաշ են, մնացած հատվածները կառուցված են անմշակ և կիսամշակ քարով: Թաղը կիսաշրջանաձև է: