ՋԱՎԱԽՔ
Անտառներ
Ջավախքի բարձրավանդակում անտառների երբեմնի գոյության առաջին վկայությունը մեզ է հասել Սամսար ժայռափոր հուշարձանախմբում պահպանված Ժ-ԺԲ դարերին վերագրվող վրաց մեսրոպատառ մի արձանագրության մեջ __77. Տե՛ս սույն աշխ., էջ 390, արձ No 2: Բնական այնպիսի միջավայրում, որտեղ գտնվում է Սամսար վիմափոր հուշարձանախումբը, քիչ հավանական է հոծ անտառային զանգվածի երբեմնի գոյությունը: Ուստի հիշյալ արձանագրությունն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող համարվել հավաստի: :
1595 թ. կազմված «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ում հիշվող, Անտառային Ջավախք անունը կրող գավառակի (Ախալցխայի փաշայության Խերթվիսի լիվայում) գոյությունն ինքնին վկայում է Ջավախքի արևմտյան և հյուսիսարևմտյան մասի անտառներով որոշակիորոն հարուստ լինելը:
1745 թ. Վախուշտի Բագրատիոնի հեղինակած «Վրաստանի աշխարհագրության» մեջ Ջավախքը բնութագրված է որպես անտառազուրկ երկրամաս. «…միշտ ձյունով է ծածկված, անտառից զուրկ, լանջերը խոտավետ ու ծաղկավետ, աղբյուրները բազմաթիվ և համեղ: Տարածվում է հարավից դեպի հյուսիս…» __88. ვახუშტი ბაგრატიონი, საქართველოს გეოგრაფია, თბილისი, 1997, էջ 133: Տե՛ս նաև Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, Երևան, 1955, էջ 81: : Ի դեպ, բնակլիմայական նույնպիսի պայմաններ ունեցող հարևան Աշոցքի վերաբերյալ Վախուշտին նշել է. «…ամբողջապես լեռներով է պատած. իսկ մեջտեղը հարթ է և լեռնակողմը բլրանման, իսկ բերքատու ցորեն, գարի, կտավատ, վարսակ և ուրիշ ոչինչ՝ ոչ մրգեղեն և ոչ էլ բանջարեղեն: Խոտի առատության պատճառով անասունները շատ են…» __99. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, Երևան, 1955, էջ 81: :
Վերոհիշյալ տվյալների հանրագումարից հետևում է, որ Ջավախքում գլխավորապես անտառապատ են եղել երկրամասի ծայրարևմտյան և հյուսիսարևմտյան մասերը, որոնք զգալի չափով այսօր էլ անտառածածկ են: Հատկանշական է, որ արդեն ԺԸ դարում երկրամասին բնորոշ էր այժմյան համայնապատկերը: Ուստի միանգամայն անհիմն են բոլոր այն պնդումները, որոնց հեղինակները փորձում են Ջավախքի անտառների կորստյան մեղքը բարդել 1830թ-ից ի վեր երկրամասում բնակություն հաստատած Կարնո հայության վրա __1010. ლომსაძე შ., სამცხე-jავახეთი (ხვიიი საუკუნის შუაწ¬ლიბიდან ხიხ შუაწლებამდე), თბილისი, 1975: თეთვაძე შ., თეთვაძე ო., სომხები საქართველოში, თბილისი, 1998: ჩხეიძე რ.., ”ლითერატურული საქართველო”, 15-22. 08, 1997, No 93, ”ახალი თაობა”, 1998, No 287, No 289 և այլն: Ի դեպ, հիշյալ և այլ հեղինակներ, անտառներ ոչնչացնողներ համարելով հայաբնակ գյուղերի բնակիչներին, «չեն նկատել», որ նույնքան անտառազուրկ են նաև երկրամասի վրացաբնակ գյուղապատկան տարածքները: Խնդրո առթիվ տե՛ս նաև Կարապետյան Ս., «Անտառները ոչնչացրին, որովհետև տեսած չկային» հոդվածը («Մոլորակ», 1997, 4 հոկտեմբերի): :
Անտառների նվազման իրական պատճառը հավանաբար եղել են բնակլիմայական խիստ պայմանները. «Գաւառում շատ քիչ անտառներ կան: Մերենիայի անտառի ծառերի տեսակները շատ են, և կան՝ թխկենի, բարդի, կաղնի, սին (պիսականիշ): Ճոպարէթի անտառներում կայ նաև մայրի ու եղևնի: …Ժողովուրդը կլիմայի խստութեանն է վերագրում ծառատունկերի բացակայութիւնը: Նոյն իսկ քաղաքի արքունական պարտէզում, մօտաւորապէս 1,5 դեսեատին տարածութեամբ, նմանապէս՝ բացի յիշած ծառերից՝ ուրիշները չը կան» __1111. Ս. Բ., Մի քանի խօսք Ջաւախք գաւառի մասին, «Արաքս», գիրք Բ, հինգերորդ տարի, Ս.Պետերբուրգ, 1893, էջ 20-21: :
1893 թ. մի հաղորդագրության մեջ գրանցված է. «Մօտ յիսուն տարի սրանից առաջ, այս գաւառի հիւսիսային մասը, և Բարալէթի և Վարևանի հասարակութեանց բռնած տեղերի մեծ մասը և ծածկուած էր անտառներով, որոնցից այժմ տեղ-տեղ մնացել են միայն թփուտներ (մացառներ)» __1212. Ս. Բ., Մի քանի խօսք Ջաւախք գաւառի մասին, «Արաքս», գիրք Բ, հինգերորդ տարի, Ս.Պետերբուրգ, 1893, էջ 18-19: :
Լրատվական մեկ այլ տեղեկության համաձայն՝ ԺԹ դարի վերջերին Ջավախքում անտառաշերտ պահպանվել էր միայն Մերենիայի և Ջոբարեթի մերձակայքում __1313. «Նոր-Դար», 1893, No 180, էջ 1-4: :
Հայրենական մեծ պատերազմից հետո ջավախահայության ջանքերով երկրամասում (Նինոծմինդա, Տամալա, Վաչիան, Օրոջալար և այլն) իրականացվել են անտառապատման աշխատանքներ: Այդ գործում առանձնապես մեծ է անտառաբույծ Հովհաննես Հակոբյանի վաստակը __1414. Մելքոնյան Ա., Վաստակավոր անտառաբույծը, «Սովետական Վրաստան», 12 /V, 1983, էջ 3: : Ազավրեթ, Ալաստան և Կոկիա գյուղերը համատեղ ուժերով ստեղծել էին անտառտնտեսություն: Ներկայումս գործում է միայն Ազավրեթի անտառտնտեսությունը: Աճեցված տնկիներով կանաչապատվել են Բեժանո, Ազավրեթ, Ալաստան, Կաճո, Քարցեբ, Արագյալ, Մաջադիա, Դիլիվ, Գjոնդուրա և այլ գյուղերին հարող տեղամասերը, գլխավորապես լեռնալանջերը:
Արհեստական անտառների ստեղծման շնորհիվ վերջին տասնամյակներին նկատվել է խստաշունչ կլիմայի մեղմացում: