ՋԱՎԱԽՔ
Գյուղատնտեսություն
Ջավախքում գյուղատնտեսության առավել զարգացած ճյուղերն են հացահատիկային կուլտուրաների մշակումը (գարի, ցորեն, կտավատ, վարսակ և այլն) և անասնապահությունը:
Ի դեպ, անասնապահության զարգացման համար երկրամասի ընձեռած նպաստավոր պայմանները մշտապես գրավել են ոչ միայն տեղացիներին, այլ նաև հեռավոր և մոտակա գավառների այլազգի բնակիչներին:
Հայտնի է, որ յուրաքանչյուր տարի ամառային արոտավայրերի որոնման նպատակով Ջավախք ժամանող վրաց անասնապահների անհամար հոտերը մեծ վնաս էին հասցնում երկրամասի երկրագործությանը. «Գաւառի գիւղատնտեսութեանը վնասում են նաև հովւութեամբ պարապող թուշերը, որոնք Թիօնէթի գաւառից իրանց ահագին հօտերով գալիս են, մեր գաւառով անցնում դէպի Գեօգ-Դաղի և Արդահանի շրջանի արօտները: Գնալու ժամանակ և վերադարձին նրանց հօտերը վնասում են մեր գիւղացու արտերը, որի շնորհիւ յաճախ ընդհարումներ են լինում» __1515. Սալլիւմեան, Տնտեսական հարցեր, «Մուրճ», 1901, No 7, էջ 178: :
1899 և 1900 թթ. երկրամասի գյուղատնտեսությանը նկատելի վնաս էին հասցրել հացի բզեզն ու հոտենտոտյան մլուկը: Տուժած գյուղերին օգնություն ցույց տալու նպատակով 1900 թ. ստեղծվել էր կոմիտե՝ Թիֆլիսի նահանգապետի նախագահությամբ և «Մշակ»-ի խմբագիր Ալ. Քալանթարի ու հայտնի կովկասագետ Ե. Վեյդենբաումի մասնակցությամբ __1616. Սալլիւմեան, Անբերրիութիւնը Ախալքալաքի գաւառում եւ նրա հետեւանքները, «Մուրճ», 1901, N 6, էջ 247: : Տեղում կատարված աշխատանքների շնորհիվ աղետից տուժած գյուղերն ըստ վնասվածության աստիճանի բաժանվել են երեք խմբի: Առավել օգնության կարոտ սովյալ բնակչությանը (259 տուն, 1369 բնակիչ) կառավարության կողմից հատկացվել էր 3000 ռ.՝ ալյուրի ձեռքբերման և բաշխման համար __1717. Սալլիւմեան, Անբերրիութիւնը Ախալքալաքի գաւառում եւ նրա հետեւանքները, «Մուրճ», 1901, N 6, էջ 248, 249: :
Հետպատերազմյան տարիներին Ջավախքում լայն տարածում է գտել կարտոֆիլի մշակությունը: