Եկեղեցիներ, վանքեր, մատուռներ

Երկրամասի տարածքում պաշտամունքային կառույցներ պահպանվել են գրեթե բոլոր բնակավայրերում և գյուղատեղիներում: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ հայկական (հայ-առաքելական և հայ-կաթոլիկ) և բյուզանդածես: Վերջինս արտացոլված է Թ-ԺԴ դդ. Ջավախքի հայ-քաղկեդոնական բնակչության մշակութային ժառանգությամբ և ԺԶ-ԺԸ դդ. վրացական պաշտամունքային սակավաթիվ կառույցներով:

Հայ-առաքելական եկեղեցիներից հնագույնները թվագրվում են Ե-Է դարերով (Բարալեթի Սբ. Հովհաննես, Բզավեթի միանավ եկեղեցի և այլն): Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավասության ներքո գործած եկեղեցիներ, անկախ գերիշխող քաղաքական հանգամանքներից, անընդմեջ կառուցվում էին երկրամասի ողջ պատմության ընթացքում՝ ընդհուպ մինչև ԺԹ դարը:

Թ դարից սկսած քաղկեդոնականություն ընդունած և իրենց տիրույթների թեմերը վրաց կաթողիկոսի եկեղեցական իրավասության տակ դրած Տայքի Բագրատունիների իշխանական վերնախավի քաղաքական ազդեցության ոլորտում գտնված Ջավախքում պետական հովանավորությամբ կառուցվել են նաև բյուզանդածես տաճարներ և եկեղեցիներ (Կումուրդոյի Սբ. Համբարձման, Էխթիլայի Սբ. Ստեփանոս, Խորենիայի Երևման Սբ. Խաչ և այլն):

Վրացազգի բնակչության կողմից կառուցված պաշտամունքային վաղագույն կառույցները ԺԳ-ԺԴ դարերից են (Բարալեթ, Կոթելիա, Մուրճախեթ, Վարևան և այլն):

ԺԹ դարում Ջավախքի բազմաթիվ բնակավայրերը (թե՛ հայաբնակ, թե՛ վրացաբնակ) համալրվել են նորաշեն եկեղեցիներով, իսկ Ախալքալաքում կառուցվել էր նաև ռուսական եկեղեցի:

ԺԴ-ԺԵ դարերով թվագրվող եկեղեցիներ Ջավաքխում գրեթե չկան, մինչդեռ հատկապես վիմագրական նյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակահատվածում երկրամասի բնակչության ճնշող մեծամասնությունը առաքելադավան հայեր էին: Այս երևույթը հուշում է, որ ԺԳ-ԺԴ դարերից ի վեր, հաճախ փոխանակ նոր եկեղեցիներ կառուցելու, հայերը առաքելական ծիսակարգով կրկին օծել են երկու-երեք դար առաջ քաղկեդոնականացած վերնախավից և նրանց հետևած բնակչությունից ժառանգված եկեղեցիները: Ասվածի ակնառու օրինակներից են Կումուրդոյի Սբ. Համբարձման, Էխթիլայի Սբ. Ստեփանոս, Աբուլի Սբ. Հարություն և այն բազմաթիվ եկեղեցիները, որոնց շուրջն առկա են ԺԴ-ԺԶ դդ. թվագրվող հայոց գերեզմանոցներ __66. Հատկանշական է, որ Ջավախքի հայ-քաղկեդոնական եկեղեցիները (ինչպես և Տայքում) ծիսակարգից թելադրված ճարտարապետական առանձին դրվագներում ունեն այնպիսի հատկանիշեր, որոնք հատուկ չեն և բնավ չեն հանդիպում Վրաստանի տարածքում պահպանված բյուզանդածես վրացական եկեղեցիներում: Մինչդեռ այդպիսիք բնորոշիչ և նույնական են հայ-առաքելական եկեղեցաշինական կանոններին: Օրինակ, եկեղեցու բարձր բեմը (նկատի ունենք խորանի ընդգծված բարձրությունը սրահի հատակի մակարդակի համեմատ), եկեղեցու ներսում թաղումների բացակայությունը և, ընդհակառակը, եկեղեցու շուրջ իրար մոտ կատարված թաղումները: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծիսակարգը խստորեն արգելում էր օծված եկեղեցու մեջ կատարել նախապես չսրբադասված անձանց թաղումներ: Հակառակ պարագայում եկեղեցին վերածվում էր պարզ տապանատուն-դամբարանի` առանց պատարագ մատուցելու իրավունքի: Հայ-առաքելական եկեղեցիներում հանգուցյալին ամփոփում էին օծված աղոթասրահից դուրս` գավթում (եթե այն կա) կամ պարզապես եկեղեցամերձ բակում: :

Հայ-քաղկեդոնականների կառուցած և առնվազն ԺԵ դարից առաքելական նվիրապետության հովվության ներքո անցած եկեղեցիները, որոնք ԺԸ դարի երկրորդ կեսից մեծամասամբ ամայացել էին հայ ազգաբնակչության զանգվածային գերեվարության և տեղահանության պատճառով, 1830-ական թվականներին վերստին օծվել են և գործել որպես հայ-առաքելական ծխական եկեղեցիներ:

Ջավախքի հայության կողմից միջնադարյան առաքելածես և հայ-քաղկեդոնական եկեղեցիների վերաբացման իրողությունն արդեն 1850-ական թվականներին առաջ էր բերել ուղղափառ եկեղեցու հովվապետների դժգոհությունը: Վերջիններս նույնիսկ ստորագրահավաքներով տեղաբնակ հայերին ստիպեցին հրաժարվել իրենց գյուղական եկեղեցիների նկատմամբ իրավունքից: Վրաց հոգևորականության այդօրինակ ոտնձգությունները լավագույնս արտացոլվել և մերկացվել են, օրինակ, 1853 թ. Ախալցխայի հոգևոր կառավարությունից Վրաստանի և Իմերեթի հայոց վիճակային կոնսիստորիային հղված հայտարարության մեջ. «…հայազգի գիւղական ժողովուրդք ի 1830 ամի ի գաղթելն ի Կարնոյ նահանգէ յԱխլցխոյ նահանգ ի գաւառին Ախալքալակու և Ծալկայու յաւերակ գիւղօրայս հրամանաւ հզօր տէրութեան ռուսաց, ուրանօր գտանէին յոմանս գիւղօրայս քայքայեալ հոյակապ եկեղ եցիք, և թէ յումմէ՞ էին կառուցեալ այնոքիկ և որոյ ազգի պատկանէին չէր յայտ, թէ և յոմանս ի նոսա գտանէին արձանագրութիւնք ի յոյն և ի վրաց լեզու, …ուստի ի յայնժամեան գլխաւոր կառավարչէն յայսկոյս Կովկասու նորին լուսափայլութիւն գրաֆէն Երևանայ կնեազ Պասկևչէն Վարշաւոյ թոյլատրեցաւ գաղթականացն վերանորոգել զայնոսիկ և առնել եկեղեցի, որք զկնի վերանորոգութեան օծեալ սրբեցան ի նոյն թիւ ի բարձր սրբազան Կարապետ արքեպիսկոպոսէ յայնժամեան վիճակաւորէ, և յօրէ յայնմանէ ցարդ են ի ձեռն հայազգի ժողովրդականաց և կատարին ի նոսին զպաշտօն աստուածածառայութեան առանց ինչ արգելանաց: Այժմ գործակատարն Ախլքալակու և Ծալկայու յայտարարութեամբ ի 29 մայիսի ներկայ ամի դ 264. յայտնէ ատենիս թէ բարեկարգն յունաց ազգի ելեալ ընդ օգնականի պարոն կառավարչի տեղւոյն շրջի ի գիւղօրայս նահանգին և ուր գտանին հոյակապ եկեղեցիք կառուցեալք ի վաղուց զկնի տեսանելոյ զայնս և չափման զդրութիւն նոցին առնեն ի գրի, յետ որոյ հրաւիրեն ստիպմամբ զքահանայս և զժողովուրդս տեղեացն ստորագրել ի գրութեան այն, թէ այս եկեղեցին է յունաց, թէ և առեալ է յոմանց միամիտ գիւղական ժողովրդոց ստորագրութիւն համաձայն բաղձանաց իւրեանց, բայց գիւղականքն Գիւմբիւրտոյ չհամաձայնեալ հրաւիրման նորին չեն ստորագրեալ, նոքա այնու ոխացեալ և գնացեալ առ պրն կառավարիչն Ախլքալակայ ամբաստանեալ են զնոցանէ, որպէս թէ ընդդիմացեալ են նոքա ինքեանց և անպատուեալ: Կառավարիչն ևս կոչեալ առ ինքն զերևելիս գիւղին արկեալ է ի բանտ զհնգեսին անձինս թողլով անդ զաւուրս երկուս, յորմէ ժողովուրդք նահանգին անկեալ են յոյժ յուսահատութեան վասն անմեղութեանց իւրեանց և անկանելոյն ի բանտ» __77. ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 12, գ. 306, թ. 1: :

Ի պատասխան իբր հայերի կողմից ապօրինաբար սեփականված եկեղեցիների շուրջ բարձրացված աղմուկի` տակավին 1854 թ. Վրաստանի էկզարխի պնդումների, թե. «…եկեղեցեաց եղելոց ի գաւառին Ախալցխոյ, որք համարին ուղղափառաց, բայց տուեալ են հայոց…» __88. ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 12, գ. 306, թ. 31: , թեմական կոնսիստորիան ձգձգվող խնդրո առթիվ 1865 թ. նշել էր. «…վերոգրեալ եկեղեցիքն, զորս վեճին հոգևոր տեսչութիւնն յունաց գոլով ոմանք կիսակործանք և այլք պառակք խաշանց և գոմք անասնոց ի ձեռս թուրք թարաքամայից ըստ կարգադրութեան կնեազ Պասկևիչ Երևանսկւոյ՝ յայնժամեան կառավարիչք Ախալքալակայ, Խրթուիզայ և Ծալկայի յանձնեալ են Կարնոյ քաղաքի հայ գաղթականաց առ ի կատարիլ անդ զԱստուածապաշտութիւն, առանց յայտնի լինելոյ, թէ այնոքիկ եկեղեցիք ի սկզբանէ անտի յականէ որում դաւանութեան պատկանին, հայո՞ց, թէ յունաց, ուստի նորուն բարձր սրբազնութիւն Կարապետ արքեպիսկոպոսն օծեալ զայն ընդ Հայաստանեայց եկեղեցւոյ արարեալ է վասն նոցա եկեղեցի, յորս յերեսուն և հինգ ամաց հետէ անարգել ուստի և յորոց և իցէ, կատարին ժամերգութիւնք ըստ Հայաստանեայց դաւանութեան, և բաց յայսօրիկ տեղեկութեանց, թէ այնոքիկ եկեղեցիք ի բազում ժամանակաց հետէ գտանին ընդ տեսչութեամբ հոգևոր իշխանութեան հայոց, վերանորոգեալ են ի հայոց և օծեալ ըստ կանոնաց եկեղեցւոյն հայոց՝ չունի հոգևորս իշխանութիւն զայլ վկայագիր պատկանելութեան նոցին հայոց, իսկ հոգևոր տեսչութիւնն յունաց ըստ ո՞րպիսի վկայագրոց և ապացուցութեանց յարուցեալ է զվէճ և ցանկայ իւրացուցանել զայնոսիկ եկեղեցիս չէ յայտնի Ատենիս, ըստ որում երկիրն այն յորում գտանին նոքին ըստ պատմութեան հայոց բաղկացուցանէ զմասն հայոց մի և ըստ այսմ անշուշտ մակաբերելի է, թէ եկեղեցիքն այնոքիկ պարտին ցաւերումն նոցին լինիլ հայոց…» __99. ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 12, գ. 306, թ. 31-32: :

1853 թ. գավառի եկեղեցական հաստատություններին զգալի վնաս էր հասցրել երկրամաս ներխուժած օսմանյան բանակը __1010. Դիվանական վավերագրերում պահպանված տեղեկությունները ևս մեկ անգամ փաստում են, որ քրիստոնեական պաշտամունքային կառույցների պղծումը տեղի էր ունենում տարածքի մահմեդական տարրի կամ օսմանյան զինված ստորաբաժանումների ձեռքով: : Այդ է վկայում 1854 թ. մարտի 24-ին Ախալցխայի հոգևոր կառավարության կազմած հայտարարագիրը: Օսմանյան բանակի Ախալցխայի գավառ ներխուժելու հետևանքով կողոպտվել և ավերվել էին 9 գյուղերի __1111. ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 12, գ. 306, թ. 32: ծխական եկեղեցիներ. «…կողոպտելոյ բարբարոս զօրացն օսմանեան ի ժամանակս տալոյ նոցա զպատերազմ ընդ խաչակիր զօրացն մեծազօր կայսերութեան ռուսաց քանդեալ զսեղանս և զամենայն շինութիւնս այնոցիկ եկեղեցեաց և պատառեալ զպատկերս սրբոց արարեալ էին զոմանս ի նոցանէ բնակարան երիվարաց…» __1212 Վավերագրում գյուղերի անունները չեն հիշված: :

1866 թ. վրաց հոգևորականությունը անհիմն հավակնոտությամբ կրկին վիճարկման առարկա էր դարձրել երկրամասի միջնադարյան մի շարք եկեղեցիների պատկանելության հարցը: Հիշյալ կառույցները վավերագրում խմբավորված են հետևյալ կերպ.

1. Վարդիսցիխեի, Ցիխեի, Օլդանի, Արուճի, Հոկամի, Լեկնարի, Խուվրիսի եկեղեցիները, որոնք ավերվել էին թուրքական իշխանությունների կարգադրությամբ մահմեդականների ձեռքով:

2. Կարանտի, Ալասթուբանի, Բավրայի եկեղեցիները, որոնք ինքնակամ զբաղեցրել են հայ-կաթոլիկները:

3. Աբուլի, Բուռնաշեթի, Խտիլի, Մերենիայի եկեղեցիները, որոնք զբաղեցրել են հայերը:

4. Ալաստանի եկեղեցին, քանդել են հայ-կաթոլիկները, իսկ շինանյութը օգտագործվել է նոր եկեղեցու շինարարության համար:

5. Կումուրդոյի եկեղեցին, որը սկզբնապես ավերել են թուրքերը: Այնուհետև, եկեղեցու արևմտյան հատվածը զբաղեցրել են հայերը __1313 ՀԱԴ, ֆ. Պ-56, ց. 12, գ. 306, թ. 19, 36, 41: :

Ջավախքում սակավ են միջնադարյան վանական կենտրոնները: Պահպանվածները (Էխթիլա, Կառնեթ, Թոքավանք), որոնք կառուցվել են ԺԲ-ԺԴ դարերում, բաղկացած են մեկ-երկու եկեղեցիներից, առավելագույն դեպքում` շրջապարսպից:

Հայտնի է, որ արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունին վանական հաստատությունների պակասը լրացնելու նպատակով տակավին 1842 թ. դիմել էր ռուսական իշխանություններին Ախալքալաքի տեղամասի արքունի կալված Մուխրաշեն ավերակավայրը գնելու և այնտեղ վանք հիմնելու մտադրությամբ: Առաջնորդը հայցը հիմնավորելու համար նկատել էր, որ իր գլխավորությամբ գաղթած բնակիչներն իրենց բնօրրան Կարնո գավառում չորս վանք ունեին, մինչդեռ Ջավախքում կանգուն վանքեր չկային __1414 Մատենադարան, թղթ. 152, վավ. 153: :

Երկրամասում պահպանված եկեղեցական կառույցների հիմնական մասը միանավ հորինվածքով փոքրիկ մատուռներ են: Այդպիսիք առավելապես կառուցվել են բարձրադիր վայրերում՝ բլուրների և լեռների գագաթներին: Օրինակ` Գանձայի Սբ. Հովհաննես, Վաչիանի Սբ. Լուսավորիչ, Ախալքալաքի Ճգնավոր և այլն:

1990-ական թթ. վերջերից ջավախահայությունը տարբեր բնակավայրերում, առաջնորդվելով բարեպաշտական մղումներով, ինքնակամորեն ձեռնամուխ է եղել կիսավեր և ավերված միջնադարյան մի քանի եկեղեցիների նորոգմանը: Այսպես, տեղի ունեցած մի քանի եկեղեցիների «վերանորոգումները» հանգեցրել են հուշարձանների ճարտարապետական նկարագրի զգալի աղավաղմանը: Որքան էլ ազնիվ լինեն նման նախաձեռնությունների հիմքում ընկած կրոնական մղումները, այնուամենայնիվ, այդպիսիք բնավ հանդուրժելի չեն: Հարկ է մշտապես նկատի առնել, որ պատմական հուշարձանները վերականգնվում են` համաձայն լիազորված գիտական խորհուրդների հաստատումը ստացած նախագծերի, որոնք բացառում են կամայական դրսևորումները: Վրացական մամուլն ըստ ամենայնի շահարկել է վերջին տարիներին երկրամասի որոշ եկեղեցիների կամայական նորոգումների փաստերը` խնդրին հանիրավի հաղորդելով քաղաքական անհարկի հնչեղություն __1515 ნოზაძე ზ., “რეზონანსი”, jავახეთში გრძელდება ქვათა ღრიალი, “6 საათზე”, 20.12.2001, No 225: :