ՋԱՎԱԽՔ
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Ջավախքի պատմության և նյութական մշակույթի հուշարձանները, ի դեմս Մ. Բրոսսեի, մասնագիտորեն սկսել են ուսումնասիրվել դեռևս ԺԹ դարի կեսերից: Բնագավառն իրենց հետազոտություններով նկատելիորեն հարստացրել են վրացազգի հեղինակներ Ի. Ռոստոմաշվիլին, Է. Թաղայշվիլին, Ի. Ջավախիշվիլին, Ն. Բերձենիշվիլին, Շ. Լոմսաձեն, Դ. Բերձենիշվիլին, Վ. Սիլոգավան և ուրիշներ: Նախախորհրդային տարիներին բնագավառին հետամուտ են եղել նաև հայազգի գիտնականներ Կարապետ Տ. Սարգսյան Մարգարյանցը, Հ. Սուքիաս Էփրիկյանը, Ե. Լալայանը և այլք: Ջավախքի՝ Խորհրդային Վրաստանի կազմում ընդգրկվելուց հետո հայ հետազոտողները քաղաքական հանգամանքների բերումով զրկված էին երկրամասում համապատասխան գիտահետազոտական գործունեություն ծավալելու և նյութին առնչվող գրականություն հրապարակելու հնարավորությունից: Մինչդեռ վրացական կողմը, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով և առավելագույնս օգտվելով տարածքում ազատորեն գործելու մենաշնորհից, շուրջ յոթ տասնամյակների ընթացքում իրար հաջորդած բազմաթիվ գիտարշավների (այդ թվում` հնագիտական պեղումների) շնորհիվ շրջանառության մեջ է մտցրել երկրամասի պատմությանն ու նյութական մշակույթին վերաբերող ստվարածավալ գրականություն: Վերջինս աչքի է ընկնում երկրամասի պատմական անցյալի միակողմանի և խտրական լուսաբանմամբ, որոշ դեպքերում պարունակում է ակնհայտ հակագիտական կեղծիքներ: Ուսումնասիրությունների շրջանակից դուրս թողնելով այն ամենը, ինչ հայկական է, վրաց հետազոտողները հեղինակել են Ջավախքի պատմության միակողմանի և ըստ այդմ` թերարժեք ու միտումնավոր պատկեր:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո Ջավախքի պատմության հանդեպ հետաքրքրություն դրսևորելու հնարավորություն է ընձեռվել նաև հայ պատմաբաններին, որոնք մինչ օրս հրապարակել են սոսկ առանձին աշխատություններ__11. Սանոսյան Ա., Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը, Երևան, 1992: Դավթյան Ա., Ջավախք, Երևան, 1994: Կիրակոսյան Ն., Ղունկիանոս երգիչ Կարնեցի. Ղունկիանոսի ընծան, Երևան, 1995: Արոյան Ս., Բեկորներ Մշո ջոջ քարի, Երևան, 1997: Կիրակոսյան Ն., Ղունկիանոս երգիչ Կարնեցի. Վարք Ղունկիանոսի, Երևան, 1997: Մելքոնյան Ա., Ջավախք. պատմության ուրվագծեր, Երևան, 1999: Սարգսյան Վ., Ջաւախք տեղանվան ծագումը, Երևան, 1999: Սանոսյան Ա., …նաև Սպիտակ եղեռն, Երևան, 2001: Զուռնաջյան Ս. , Ջավախք. ժամանակագրություն, Երևան, 2002: Մելքոնյան Ա., Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին, Երևան, 2003: : Զուգահեռաբար ջավախաբնակ հայերի շրջանում երևան է եկել ողջունելի մի շարժում, երբ առանձին հեղինակներ ստեղծում են հարազատ բնակավայրի պատմությանը նվիրված աշխատություններ: Այդ ձեռնարկները, բազմաթիվ ուշագրավ նյութեր պարունակելով հանդերձ, հիմնականում չեն հավակնում և չեն կարող դասվել գիտական աշխատությունների շարքը __22. Իսոյան Ա., Սաթխա, Երևան, 1995: Սևիկյան Ա., Արագվա, Երևան, 1997: Դավթյան Ա., Անմահության հուշարձան, Երևան, 1998: Սմոյան Գ., Ջավախք. ովքեր ենք մենք, առաջին պրակ, Երևան, 1998: Մուրադյան Ռ., Վանատուր Վ., Կորխ. օրերն այստեղ չեն ծերանում, Երևան, 2003 և այլն: : Նորատիպ հրատարակությունների շարքում զգալի թիվ են կազմում նաև իրապատում գեղարվեստական ստեղծագործությունները __33. Կիրակոսյան Ն., Ջավախքի ժպիտներ, Երևան, 1994: Դավթյան Ա., Գաղթի ճամփաներ, Երևան, 1997: Դավթյան Ա., Ո՞ւր են տանում ճամփաները, Երևան, 1998: Գրիգորյան Հ., Հույսի ակոսներ, 1999: Զատիկյան Հ., Երգիծական Ջավախք, Երևան, 2004 և այլն: :
Սկսած 1988 թ-ից` «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպությունը մի շարք գիտարշավների շնորհիվ իրականացրել է Ջավախքի պատմական հուշարձանների ուսումնասիրությունները, որոնք, լրացվելով դիվանական և գրադարանային տևական աշխատանքի շնորհիվ հավաքված անհրաժեշտ տվյալներով, հնարավորություն ընձեռեցին ձեռնամուխ լինել ներկայացվող աշխատության ստեղծման գործին: Մենք այսու նպատակադրվել ենք ներկայացնել երկրամասի պատմությունն ու մշակութային արժեքները լուսաբանող առավել ամբողջական և համապարփակ ուսումնասիրություն: