Թուրքեր

Դեռևս ԺԶ դարի վերջին թուրքական տարբեր ցեղային տարրերի ներկայությունը Ջավախքում խիստ սակավաթիվ էր: Օրինակ, 1595 թ. Ջավախքի ոչ մի բնակավայրում ազգությամբ թուրք բնակիչներ չեն հիշատակվում, բացառությամբ Խերթվիս գյուղի, որտեղ էլ թուրք էին միայն կալվածատերերը: Թուրքական տիրապետության հաստատումը խթանել էր թուրք տարրի երկրամաս թափանցմանը, իսկ ԺԸ դարում տեղի բնակչության մի զգալի մասի բռնի մահմեդականացման հետևանքով վերջիններիս թվաքանակը կտրուկ աճել էր:

ԺԹ դարի սկզբներին ռուս-թուրքական պատերազմների հետևանքով ծայր առած փոխադարձ գաղթերի շնորհիվ Ջավախքում նվազում է ծագումով թուրք և թուրքացած բնակչության քանակը: Փոխադարձաբար, Արևմտյան Հայաստանից Ջավախքում և հարակից Թռեղքում (Ծաղկայի շրջան) հանգրվանում են քրիստոնյա բնակիչներ (մեծագույն մասով` հայեր):

Դեպի ներկայիս Թուրքիայի տարածք թուրքերի հերթական գաղթ տեղի է ունենում 1918-1921 թթ.: Ջավախքում ինչպես թուրք, այնպես էլ մահմեդական այլ տարրերը (քրդերը) դադարում են գոյություն ունենալ 1944 թ. աքսորի հետևանքով:

Նրանցից թափուր մնացած տասնյակ այգեվետ բնակավայրեր վրացական իշխանությունների ծրագրային հոգածությամբ 1940-ական թթ. 2-րդ կեսին հատկացվում են ինչպես տեղի սակավաթիվ, այնպես էլ Վրաստանի հեռավոր զանազան շրջաններից հոծ չափերով փոխադրված վրացազգի նորաբնակներին: Այսպիսով, հիմնականում Ախալցըխայի և վերջինիս հարակից Ադիգենի, Ասպինձայի վարչական շրջաններում թուրքերի աքսորից հետո թափուր մնացած բնակավայրերից շուրջ 80-ը վերածվում են վրացաբնակ գյուղերի, իսկ շուրջ 40 գյուղ չբնակեցվելով վերածվում է ամայի գյուղատեղիների: Միայն Ջավախքի բարձրավանդակում գտնվող 6 գյուղերում (Դավնիա, Էրինջա, Խավեթ, Կոկիա, Սաղամո, Քարցեբ) բնակություն հաստատեցին մերձակա բազմամարդ ու սակավահող գյուղերի հայերը: