ՋԱՎԱԽՔ
Խաչքարեր
Խաչքարեր. քրիստոնեության տարածման ժամանակներից ի վեր Հայաստանում հարատևորեն կերտվում են խաչի փրկչագործական հավերժությունը խորհրդանշող հուշակոթողներ, սկզբում՝ քառակող կոթողների, այնուհետև՝ խաչքարերի տեսքով: Հարյուրամյակներ շարունակ խաչքարը մարմնավորել է հայի ստեղծագործ էությունը և դրսևորվել իբրև զուտ հայեցի երևույթ: Խաչքարեր արարվում էին պատմական Հայաստանի ողջ տարածքում ամենատարբեր առիթներով:
Ջավախքում խաչքարերը սփռված են գավառի ողջ տարածքով մեկ: Դրանք պահպանվել են գլխավորապես հին գերեզմանատներում, թեև սակավ չեն նաև հետագայում եկեղեցիների պատերի մեջ ագուցված նմուշները: Հանդիպում են նաև մենավոր խաչքարեր, սահմանախաչ եր: Ժամանակագրական տեսանկյունից Ջավախքում առկա են գրեթե բոլոր դարաշրջաններին պատկանող խաչքարեր: Հաջորդելով քառակող կոթողներին` խաչքարեր կերտվել են առնվազն Թ դարից սկսած և, անցնելով զարգացման հայտնի բոլոր փուլերը, ստեղծվում են նաև մեր օրերում: Մեծաթիվ են հատկապես Թ-ԺԸ դարերի խաչքարերը: Բարեբախտաբար, դրանց զգալի մասն արձանագիր է, որոշ դեպքերում` նաև թվակիր: Գեղարվեստական հարդարանքի տեսանկյունից Ջավախքի խաչքարերը մեծամասամբ ունեն պարզ լուծումներ և որոշակի ուշագրավ ընդհանրություններ` Հայաստանի մի շարք բարձրլեռնային շրջանների հնավայրերում պահպանված խաչքարերի հետ: Առավել հաճախակի հանդիպող խորհրդանշական զարդաքանդակներից են խաղողի ողկույզները, վեցթևյան դավթյան աստղը և այլն: Ջավախքի խաչքարերում պատկերաքանդակները հազվագյուտ են: Նմանապես սակավադեպ են հյուսածո զարդանախշերն ու գոտիները: Այսուհանդերձ, դրանց պատմական նշանակությունը շատ կարևոր է, քանի որ բոլոր այդ խաչքարերը հայոց մշակույթի միջնադարյան շրջանի հուշարձաններ են և իրենց գոյությամբ վկայում են համայն Ջավախքի բնակավայրերում հոծ հայության առկայության մասին ողջ միջնադարի ընթացքում:
Մեր օրերում ևս Ջավախքում խաչքարեր են կերտվում, որոնց ոչ սակավ նմուշներ կարելի է տեսնել Ախալքալաքի և բազում գյուղերի գերեզմանատներում: Վերջիններիս թվում կան արվեստի գործեր, որոնք մարմնավորում են ավանդական հիմքի վրա շաղախված ստեղծագործական նոր մտահղացումները:
Ջավախքի խաչքարերին առաջին անգամ հպանցիկ ուշադրություն է դարձվել միայն ԺԹ դարի վերջերին __1616. Էփրիկեան Հ. Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-1905, էջ 65, Լալայան Ե., Երկեր, հ. 1, էջ 55, 71: : Խորհրդային տարիներին Թմկաբերդի և Ծունդայի (Քաջատուն) խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվել է վրացի հետազոտող Լ. Դավլիանիձեն __1717. Давлианидзе Л. С., К изучению цундско-тмговских хачкаров (крестов-камней), Вестник гос. музея Грузии, 1959. : 1990-ական թթ. մեր կողմից փորձ է արվել առավել ամբողջական ներկայացնելու երկրամասում պահպանված խաչքարերը __1818. Կարապետյան Ս., Ջավախքի խաչքարերը, Երևան, 1995: : Վերջերս Ախալքալաք քաղաքատեղիի տարածքում հայտնաբերված խաչքարերը «քննության» են արժանացել նաև Դ. Բերձենիշվիլու և Դ. Թումանիշվիլու կողմից __1919. ბერძენიშვილი დ., ახალქალაქი ჯავახეთისაჲ, “არტანუჯი”, 1998, No 7, էջ 25-27: Դ. Բերձենիշվիլին, դիմելով խաչքարագիտության բնագավառի «գիտակ» Է. Ջանդիերիի օգնությանը, հանգել է այն եզրակացությանը, թե Ախալքալաք քաղաքատեղիում գտնված խաչքարերը այդտեղ են բերվել հայ գաղթականների ձեռքով, քանի որ դրանք հայտնաբերվել են «ԺԹ դարի հնագիտական շերտում» և հետևաբար չէին կարող առնչվել հնավայրի միջնադարյան պատմությանը: Սբ. Խաչ եկեղեցու բակում կանգնեցված (հայտնաբերվել է 1988 թ., միջնաբերդից) ԺԳ-ԺԴ դարերին առավել հատկանշական գեղաքանդակ խաչքարը Դ. Բերձենիշվիլին բնորոշել է որպես «թուրքական լծից ռուս հրամանատարության օժանդակությամբ վրաց հողում ապաստան գտած հայերի փրկության խորհրդանիշ-կոթող»: Այստեղ մենք գործ ունենք արտառոց այնպիսի երևույթի հետ, երբ միջնադարյան արվեստի հետազոտողն ի վիճակի չէ զանազանել ԺԳ-ԺԴ դդ. խաչքարը ԺԹ դարի խաչքարից, իսկ խաչքարերի` «ԺԹ դարի հնագիտական շերտում» հայտնաբերված լինելու մասին եզրակացության մեկնաբանմանն անգամ ավելորդ է անդրադառնալ: :
Հայ-քաղկեդոնական խաչքարեր. Ջավախքի տարածքում ավանդական հորինվածքով խաչքարերից զատ պահպանվել է խաչքարերի յուրօրինակ մի խումբ, որը բնութագրական էր քաղկեդոնականություն ընդունած հայության մշակութային ուրույն դրսևորումներին: Վերոնշյալ խաչքարերը կերտվել են Ժ-ԺԳ դարերում և պահպանվել են, օրինակ, Բավրա, Վաչիան, Սուլդա, Խանդո, Վարևան գյուղերում և այլուր: Դրանք, խաչքարերի հորինվածքային առանցքային լուծումներով հանդերձ, զուրկ են հայկական խաչքարերին հարազատ և ընդհանրական այնպիսի տարրերից, ինչպիսիք են` հավերժություն խորհրդանշող վարդյակը, կենաց ծառը, խաչաթևերի գնդաձև և բուսական ավարտները, քանդակազարդ եզրագոտիները և այլն: