Հայեր

Ջավախքում գտնվող նախաքրիստոնեական շրջանին վերաբերող նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները, սալարկղային և ժայռափոր թաղումները, իրենց բնութագրական առանձնահատկություններով բաղկացուցիչ մաս են կազմում և նույնանում Հայկական լեռնաշխարհի պատմական վաղագույն շրջանի հընդեվրոպական բնիկ քաղաքակրթության մշակույթի հետ: Հանգամանք, որն ինքնին վկայում է Ջավախքի՝ Հայկական լեռնաշխարհում ձևավորված միասնական մշակույթի ոլորտում ընդգրկված լինելը:

Դ-Է դդ. պատմական Հայաստանում համընդհանուր տարածում գտած քառակող կոթողների՝ Ջավախքում ևս առատորեն պահպանված նմուշները դարձյալ փաստում են վաղ միջնադարում երկրամասի՝ հայ մշակույթի անքակտելի և ներկայանալի մաս լինելու մասին:

Թ-ԺԱ դարերից և հատկապես ԺԳ-ԺԴ դդ. կերտված խաչքարերի բազմաթիվ նմուշները, որոնք գրեթե հավասարաչափ տեղաբաշխված են Ջավախքի տասնյակ գյուղերում և հնավայրերում, պատմական սկզբնաղբյուրներին զուգահեռ հաստատում են նշված ժամանակաշրջանում երկրամասի հայկական մշակութային տարածքին աշխարհագրորեն պատկանելու և հայաբնակ լինելու իրողությունը:

Թ-ԺԴ դդ. քաղկեդոնականություն ընդունած և Վրաստանի քաղաքական միավորման գործընթացը գլխավորած Տայքի Բագրատունիների գերիշխանության օրոք Ջավախքում ի հայտ եկած հայ-քաղկեդոնական ուրույն մշակութային շերտի առկայությունը վկայում է երկրամասի իշխող վերնախավի և հայ ազգաբնակչության մի մասի վրաց կաթողիկոսի եկեղեցական իրավասության ներքո գտնվելու և հունադավանությանը հարելու հանգամանքը:

Ի տարբերություն նախորդ դարաշրջանի ԺԵ-ԺԶ դդ. Ջավախքում նկատվում է անընդմեջ թվապես մեծամասնություն պահպանած առաքելադավան հայոց մշակույթի աշխուժացում, որն արտացոլվել է հիշյալ դարերով թվագրվող խաչքարերի առանձնակի առատությամբ:

Սակայն ԺԷ-ԺԸ դարերում Ջավախքում օսմանյան տիրապետության հաստատմամբ ահագնացող չափերի է հասնում քրիստոնյա բնակչության բռնի մահմեդականացումը, որն առանձնապես համակում է հայ-քաղկեդոնականների շրջանակները, ինչպես նաև նախորդ դարերի ընթացքում երկրամաս ներթափանցած վրացիներին: Բռնի մահմեդականացված բնակչությունը համալրվեց թուրքական տիրապետության օրոք երկրամաս ներթափանցած թուրքերի և Ախալցխայի փաշաների՝ Վրաստանի տարբեր անկյուններից գաղթեցրած և տեղում արագորեն մահմեդականացված վրացիներով:

ԺԹ դարում Ջավախքի` առանց այն էլ խիստ նոսրացած հայ բնակչության քանակն է՛լ ավելի նվազեց Նադիր շահի արշավանքներից մեկի ժամանակ իրականացված զանգվածային գերեվարության հետևանքով: Ջավախքի հայկական բնիկ դիմագիծն է՛լ ավելի աղճատվեց ԺԹ դարի սկզբներին` տարածաշրջան ռուսական ռազմաքաղաքական ներթափանցման սկզբնական շրջանում, որի հետևանքով երկրամասը գրեթե ամբողջապես ամայացավ և հայաթափվեց:

Այնուամենայնիվ, Ջավախքին վիճակված չէր երկարատև ժամանակաշրջանում հայաթափ մնալ, քանի որ արդեն 1830 թ. երկրամասի ամայացած գյուղերում բնակություն հաստատեցին Արևմտահայաստանի տարբեր գավառներից, գլխավորապես Կարնո նահանգից փոխադրված հայերը:

Զերծ կրոնական հալածանքներից և կեղեքումներից` ընդհուպ մինչև 1918 թ. Ջավախքի բնակչությունը թևակոխեց բարգավաճման ու զարգացման աննախադեպ ժամանակաշրջան: Սակայն, դրությունը կտրուկ փոխվեց 1918 թ. օսմանյան Թուրքիայի բանակների ներխուժման ժամանակ, երբ ջավախահայության հիմնական մասը անխուսափելի կոտորածից փրկվելու հույսով դիմեց դեպի հարևան գավառները: Ամիսներ անց, երբ վերադարձի հնարավորություն ընձեռվեց, Ջավախք վերադարձավ արտագաղթած հայության հազիվ 1/3 մասը: Մյուսները զոհ էին գնացել ջավախահայերին հնարավորինս ոչնչացնելու հարմար առիթն օգտագործած վրացական իշխանությունների սանձազերծած շրջափակմանը: Վրացական «Տեր-Զոր»-ի վերածված Բակուրիանի անտառները գերեզմանեցին քաղցի, հիվանդությունների և զինված վրացական հրոսակախմբերի ճիրաններում հայտնըված հազարավոր ջավախահայերի:

Հակառակ խորհրդային բռնապետության և վրացական իշխանությունների` հետևողականորեն իրականացրած ազգային խտրական քաղաքականության՝ 1920-ական թթ-ից ի վեր ջավախահայերը վերստին շենացրին հայրենի երկրամասը: Հարազատ երկրի նկատմամբ տածած սիրո վկայություններից է երկրամասի հարյուրավոր հեկտար տարածությունների անտառապատումը:

Խորհրդային վերջին տարիներին նոր եռանդով առաջ տարված Ջավախքի հայաթափման ծրագիրը Վրաստանի անկախացումից հետո վերածվեց հետևողականորեն իրականացվող պետական քաղաքականության առանցքային բաղադրիչի: Վրացական իշխանությունների որդեգրած ազգային խտրական քաղաքականությունը, երկրամասը եկվոր վրացական և թուրքական տարրերով բնակեցնելու պարբերական փորձերը, տնտեսական բազմաբնույթ ճնշումները, ինչպես նաև հայատյացության և բարոյահոգեբանական սադրիչ անհանդուրժողականության մթնոլորտի արմատավորման խրախուսումը Ջավախքի հայ ազգաբնակչության շրջանում նպաստել են արտագաղթի չափերի կտրուկ աճի: