ՋԱՎԱԽՔ
ՆԱԽԱԲԱՆ. Աշխարհագրական միջավայր
Ջավախք գավառի պատմաաշխարհագրական սահմանների վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ տեղեկություններ: Սկզբնաղբյուրների յուրովի մեկնաբանությամբ մի շարք գիտնականներ առաջարկել են Ջավախքի սահմանազատման զանազան տարբերակներ:
Ի թիվս Գուգարքի այլ գավառների՝ «Աշխարհացույց»-ում հիշատակվում է Վերին Ջավախքը. «Երեքտասաներորդ աշխարհ է Գուգարք ի մտից Ուտիացւոց, ունի գաւառս ինն. զՁորոփոր, զԿողբոփոր, զԾոբոփոր, զՏաշիր, զԹռեղս, զԿանգարս, զՋաւախս Վերին, զԱրտահան, զԿղարջս: … Ունին արդ Վիրք հանեալ ի Հայոց» __11. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, հավելված Ա, բնագիր, Երևան, 1963, էջ 109-110: և «…սկսեալ ի Վոհ գետոյ և ի հիւսիսոյ Տայոց, Կղարջք, զոր ի Հայոց հանեալ է, և Շաւշէթ, Արտահան գաւառ, զոր առեալ է ի Հայոց. ընդ որ անցանէ գետն հզօր Կուր, որ ի Տայոց գալով, ի Կող գաւառէ ընդ ստորոտս Ջաւախաց իջանէ ի Սամցխէ…» __22. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, հավելված Ա, բնագիր, Երևան, 1963, էջ 104: :
Վերին Ջավախք գավառի տեղադրության հարցում հայ և վրաց պատմագրության մեջ տարակարծություն չկա: Այն համապատասխանում է Ջավախքի բարձրավանդակին __33. «Աշխարհացոյց»-ում Ջավախք գավառանվան «Վերին» բաղադրիչը թույլ է տվել Ի. Ջավախիշվիլուն և նրա կարծիքին հետևած Ս. Երեմյանին ենթադրելու, թե պետք է գոյություն ունենար նաև Ներքին Ջավախք, որը հիշյալ հետազոտողները տեղադրել են Արտահանից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ նույնացնելով այն ավելի ուշ շրջանում վրացական աղբյուրներում հիշատակվող Էրուշեթ գավառին (Երեմյան Ս. , Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, հավելված Ա, բնագիր, Երևան, 1963, էջ 78): Սակայն հետագայում սույն տեսակետը վիճարկվել է թե՛ հայ և թե՛ վրաց պատմաբանների կողմից: Այսպես, Բ. Հարությունյանը, անդրադառնալով Գուգարքի պատմական աշխարհագրության հարցերին, գտնում է, որ Մովսես Խորենացու «Պատմության» «ժառանգեաց զլեառն Մթին, որ է Կանգարք, և զկէս մասին Ջաւախաց» արտահայտությունը համապատասխանում է Ջավախքի «Վերին» հատվածին, իսկ մյուս մասը, այն է՝ Ի. Ջավախիշվիլու և Ս. Երեմյանի ենթադրած Ջավախք Ներքինը՝ Աշոցքի նախարարությանն անցած հատվածին (Հարությունյան Բ., Մեծ Հայքի Գուգարք աշխարհը ըստ «Աշխարհացոյց»-ի, ԲԵՀ, 1977, N 2, էջ 190, 195): Դ. Բերձենիշվիլին, հիմնվելով վրաց մատենագրության տվյալների վրա, գտնում է, որ Ներքին Ջավախքը համապատասխանում է Ջավախքի բարձրավանդակին արևմուտքից հարող Կուր գետի կիրճին և Վարձունիքից արևմուտք ընկած լեռնագոտուն (Տե՛ս ბერძენიშვილი დ., ნარკვევები საქართველოს ისტორიული გეოგრაფიიდან, ზემო ქართლი — თჳრი, jავახეთი, თბ., 1985): Ի դեպ, դեռևս ԺԸ դարում Ջավախքն այս սահմանների մեջ էր տեղորոշել Վախուշտի Բագրատիոնին (ვახუშტი, აღწერა სამეფოსა საქართველოსა, თ. ლომოურის და ნ. ბერძენიშვილის რედაქციით, თბ., 1941, էջ 131): :
Ջավախքը տարածվում է Կուր գետի գլխավոր աջ վտակներից մեկի՝ Փարվանայի ավազանը ներառող և ջրբաժան լեռնաշղթաներով 3 կողմից (բացառությամբ արևմտյանի) սահմանազատված բարձրավանդակի վրա, որը զբաղեցնում է շուրջ 2600 քառ. կմ մակերես և գտնվում է ծովի մակերևույթից 1700 մ միջին բարձրության վրա. «…ի Փարաւնոյ մինչև ի գլուխն Կուր գետոյ, որ է Ջաւախէթ…» __44. «Համառօտ պատմութիւն Վրաց ընծայեալ Ջուանշէրի պատմըչի», Վենետիկ, 1884, էջ 24: :