ՋԱՎԱԽՔ
Ջավախքը ԺԴ-ԺԸ դարերում
Պետական այս միավորը գոյատևում է մինչև 1637 թ.՝ թուրքերի կողմից տարածքի վերջնական նվաճումը (արդեն 1579 թ. թուրքերը գրավել էին իշխանության հյուսիսարևմտյան կեսը՝ Ախալցխան՝ շրջակայքով):
Ուշագրավ է, որ երկրամասում ցայսօր պահպանված հայկական պատմական հուշարձանների նշանակալի մասը ստեղծվել է հենց այդ իշխանության ժամանակաշրջանում (ԺԳ-ԺԷ դդ.):
Ինչպես այլուր, այնպես էլ նվաճված Տայքի և արևմտյան Գուգարքի տարածքներում գոյացած Սամցխե-Սաաթաբագո իշխանության փլուզմանը հաջորդած թուրքական տիրապետությունը նշանավորվում է բռնությամբ և տեղի բնակչության անլուր տառապանքներով: Իսպառ բնաջնջվելուց ազատվելու հույսով բնակչության մի զգալի մասը ստիպված ընդունում է մահմեդականություն: Ամբողջ ԺԷ դարում առաքելադավան հայերի մի մասը, հատկապես վրացացած հայ-քաղկեդոնականների, ինչպես նաև Սամցխեի բնիկ վրաց ազգաբնակչության ստվար զանգվածները դավանափոխ են լինում, թեպետև երկրամասի բազմաթիվ բնակավայրերում պահպանվում է քրիստոնեությունը չուրացած բնակչություն:
1735 թ. երկրամասին բաժին է հասնում մի նոր արհավիրք. Հայաստանի հյուսիսային գավառները, այդ թվում նաև՝ Ջավախքը, ասպատակում է Նադիր շահը. «Եւ անտի կրկին արձակեաց ասպատակս, որ գնացեալ հասին մերձ Թէոդուպօլսոյ: Եւ գերեցին զՆարիմանու նահանգն, զՋաւախէթու, զՉլտրու և զՂայի ղուլու, որք էին բովանդակ ի մեր ազգէ: Եւ քշեցին զայր և զկին, զծեր և զտղայ և տարան ի Խորասան՝ թուով ԶՌ (6000), որպէս լսեմք» __1010. Աբրահամ Կրետացի, Պատմություն, քննական բնագիր, ռուսերեն թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ՝ Ն. Կ. Ղորղանյանի, Երևան, 1973, էջ 67: : Հիշյալ վկայությունը փաստում է, որ տակավին ԺԸ դարի առաջին կեսին գավառը եթե ոչ ամբողջապես, ապա հիմնականում հայաբնակ էր, քանի որ գերեվարվածներն առաքելադավան հայերն էին` «բովանդակ ի մեր ազգէ»: