ՋԱՎԱԽՔ
Ջավախքը ԺԹ-Ի դարերում
Մինչև ԺԹ դարի սկզբները Ջավախքը մնում է թուրքական բռնակալության ներքո և վարչականորեն ենթարկվում Ախալցխայում նստող փաշաներին:
1810 թ. Ջավախքի ուղղությամբ ռուսների Թիֆլիսից առաջանալուն զուգընթաց Շերիֆ փաշան Ջավախքի բոլոր քրիստոնյաներին հրահանգում է անցնել Կուր գետն ու նահանջել կայսրության խորքային նահանգները: Այսուհանդերձ, ռուսական ստորաբաժանումների հուսադրող հաջողությունները նպաստում են բնակչության գաղթի մտադրությունից հրաժարվելուն: Ռուսական բանակի նահանջից հետո Ախալցխայի փաշաներն առավել դաժանաբար են վարվում իրենց հանդուգն հպատակների հետ, և 1828թ., երբ ռուս-թուրքական հերթական պատերազմի ավարտից հետո տարածքը վերջնականապես միացվում է Ռուսաստանին, երկրամասի միայն հազվագյուտ գյուղերում էին մնացել քրիստոնյա բնակիչներ:
Ախալցխայի անկումից հետո տեղի է ունենում Օսմանյան կայսրության և Ռուսաստանին անցած տարածքներից բնակչության փոխադարձ գաղթ: Հոծ խմբերով օսմանյան տիրապետության ներքո մնացած Արևմտյան Հայաստանի գավառներ է փոխադրվում ԺԷ դարից ի վեր մահմեդականացած բնակչության գերակշիռ մասը, որոնց ազգային ինքնագիտակցությունն այդ պահին արդեն զուտ թուրքական էր: Մյուս կողմից, պատերազմի ընթացքում ռուսներին՝ որպես թուրքական լծից իրենց ազատարարների բազմապիսի աջակցություն ցուցաբերած արևմտահայ զանգվածները (հատկապես՝ Էրզրումի նահանգում) հարկադրված են լինում հայրենի բնակավայրերը լքել և փոխադրվել «ռուսաց սահմաններ»՝ խուսափելով օսմանյան իշխանությունների անխուսափելի վրեժխնդրությունից: Վերջիններիս բնակություն հաստատելու տեղ է տրվում Ախալցխայի նախկին փաշայության Ռուսական կայսրությանն անցած հատվածում, մասնավորապես Ջավախքում և հարակից շրջաններում: Քիչ հավանական է, որ Կարնո նահանգից գաղթած հայությունը որևէ հատուցում պիտի ստանար հայրենիքում թողած ունեցվածքի դիմաց, մինչդեռ նոր գաղթավայրում հաստատվելու համար հայերը հաճախ հարկադրվեցին հեռացող թուրքերից գնել թափուր գյուղերն ու վարելահողերը: Հայտնի է, օրինակ, Կարծախ, Խավեթ, Դադեշ և Սուլդա (հարակից 10 ավերակ գյուղատեղիներով հանդերձ) գյուղերի գնման փաստը Ախալցխայի Սբ. Փրկիչ եկեղեցու համար: Այդ վայրերից թուրքերը հեռացել էին 1834 թ., իսկ գործարքը կնքվել է 1841 թ.` հայր և որդի Հաջի Նաղի և Թայեր բեգերի հետ, 44.000 ղուռուշով __1111. Այն ժամանակ այդ գումարը համապատասխանել էր ռուսական 2315 ռուբլուն: :
Սա ծանր, բայց և անհրաժեշտ ձեռնարկ էր, որ իրականացրել էր հազար ու մի հոգսերի ու կարիքի մեջ գտնվող հայ գաղթականության առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսը: Հայտնի են նմանօրինակ այլ դեպքեր ևս:
Ի դեպ, Ջավախքից մահմեդականների փոքրածավալ արտագաղթեր տեղի են ունեցել նաև ռուս-թուրքական հետագա բոլոր պատերազմների հետևանքով:
Անցնող տասնամյակների ընթացքում նորեկ և տեղաբնիկ հայերը համատեղ ջանքերով շենացրել են իրենց բնակավայրերը:
1905 թ.` հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, հակառակ Ջավախքում թուրք տարրի սակավաթվության հանգամանքին, վերջիններիս ավազակային հարձակումները երկրամասի մի շարք գյուղերին պատճառեցին տնտեսական որոշ վնասներ. «Վերջերս Ալէքսանդրօպօլի գաւառում ապրող ու Ախալքալակի շրջանին սահմանակից թիւրքերը` օգտւելով Կովկասում տիրող ընդհանուր իրարանցումից, յարձակւել են մի քանի հայ գիւղերի վրայ թալանի նպատակով: Ախալքալակի գաւառում թալանւած են հետևեալ գիւղերը հետևեալ չափերով. –Թակչայ գիւղից յունիսի 16-ին տարել են 12 եզ, Յեշտիա գիւղից` 80 ձի, որոնցից 20 հատ ամենալաւը ընտրելով` միւսները յետ են թողել: Կէօնդուրա` 11 գլուխ ապրանք, որոնցից 1-ը գտել են Ղուլալիս գիւղի թիւրքերի նախրի մէջ. միւս 10 չկան: Ուճմանայից տարել են 6 եզ, փոքր Խանչիլլից` 5 ձի: Յուլիսի 15-ին Աէքսանդրօպօլի ճանապարհին մի խումբ թիւրքեր մի քանի անգամ հրացան են արձակում Սաթխացիների վրայ և տանում 4 եզ. Փոկայից` 3 եզ…: Սաթխայից հովւին սպանելով` տարել են 7 ձի: Կարծախից 15, Խոսպեայի արօտատեղերից 3…» __1212. Տխուր փաստեր.- «Դրօշակ», 1905, No 10, էջ 150: :
1918 թ. ռուս-թուրքական ռազմաճակատի կազմալուծումից հետո` թուրքական բանակի ներխուժման ժամանակ, ազգային ղեկավար ուժերը, հակառակ առկա ներուժին, ի զորու չգտնվեցին կազմակերպել Ջավախքի ինքնապաշտպանությունը, ուստի և անտերունչ բնակչությունը մատնվեց աղետաբեր խուճապի: Անխուսափելի սպանդից փրկվելու հույսով Ջավախքի գրեթե ողջ բնակչությունը գաղթեց. «Գավառի բնակչության հիմնական մասը` մոտ 85 հազար հայեր, ապաստանեցին Բակուրիանիում և Ծալկայում: Սակայն միայն 5 ամսվա ընթացքում ցրտից, քաղցից ու հիվանդություններից մեռավ մոտ 40 հազար մարդ: Գանձա գյուղի 2060 մարդուց Ծալկայում մեռան մոտ 720-ը: Սաթխայի 3250 հոգուց մահացան մոտ 2500-ը: Հ. Թումանյանի հաղորդմամբ, այդ քաղցած մասսան իր գավառում էր թողել 2,5 մլն. փութ հացահատիկ, մոտ 8 մլն. փութ բերք, 15 հազար փեթակ, մեծ թվով գյուղատնտեսական գործիքներ ու մթերքներ, եկեղեցական գույք, հին ձեռագրեր և այլն: Գաղթականների թողած ողջ գույքը վերավաճառվեց տարբեր ազգերի սպեկուլյանտներին, իսկ քշված անասուններին տարան Ախալքալաք և Ախալցխա` թուրքական բարձրագույն հրամանատարության տակ» __1313. Կարապետյան Մ. Մ., Հովհաննես Թումանյանը հայկական կոտորածների մասին, ՊԲՀ, 1987, N 2, էջ 241: 1918 թ. հունվար-մայիս ամիսներին տեղի ունեցած դեպքերի զարգացման մանրամասները տե՛ս Մելքոնյան Աշոտ, Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին, Երևան, 2003, էջ 271-284: :
Ռուսական կայսրության փլուզումից հետո Ջավախքը հայտնվում է նորաստեղծ Վրաստանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոլորտում, իսկ 1921 թվականից խորհրդային կարգերի հաստատումից ի վեր, ի հեճուկս բնակչության միահամուռ կամքի, վերջնականապես կցվում է Խորհրդային Վրաստանին __1414. Մանրամասները տե՛ս Մելքոնյան Աշոտ, Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին, Երևան, 2003, էջ 285-289, 295-330: :