ՋԱՎԱԽՔ
Վիմագրեր
Ջավախքի վիմագրական նյութի ուսումնասիրության և հրատարակության գործն առաջին անգամ հեղինակել է Մ. Բրոսսեն: Վաստակաշատ գիտնականը կարողացել է իր ժամանակի համար աննախադեպ ճշգրտությամբ վերծանել իր այցելած հնավայրերում պահպանված և նկատած վիմագրերը: Նրա աշխատանքի հատկանշական արժանիքներից է նյութի համալիր ուսումնասիրության սկզբունքը թե՛ հայերեն, թե՛ վրաց մեսրոպատառ վիմագրերի ընդգրկման շնորհիվ: Միայն այսօրինակ սկզբունքային մոտեցումը կարող է ընձեռել երկրամասի պատմությունը ամբողջական և լիարժեք ուսումնասիրելու հնարավորություն: Ցավոք, Ջավախքի պարագայում գիտությանն ի նպաստ սույն աշխատաոճը չկիրառվեց հետագա ուսումնասիրողների կողմից: Ազգությամբ վրացի հեղինակներն անդրադարձան սոսկ վրացալեզու վիմագրերին` առանց իսկ ակնարկելու հայերեն վիմագրերի առկայությունը, իսկ հայազգի գիտնականները, անդրադառնալով վրաց մեսրոպատառ արձանագրությունների գոյության փաստին, բավարարվեցին միայն հայալեզու վիմագրերի ուսումնասիրությամբ: