ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Խաղխաղի կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Զակամ գավառի տարածքում` ներկայիս Թոուզի շրջանի Յանխլի գյուղի արևելյան եզրին` Զակամ գետի վրա: Ծովի մակերևույթից ունի 110 մ բարձրություն: Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կամրջախելերի ստորին շարվածքի վաղ միջնադարին բնորոշ կառուցողական և քարի մշակման առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրելու, որ կամուրջն ավանդվել է մեր թվարկության առաջին դարերից` Խաղխաղի` Հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոց եղած ժամանակներից: Հետագայում կատարված բազմաթիվ նորոգությունների շնորհիվ կանգուն է եղել մինչև Ի դարի սկզբները:
Դեռևս 1890 թ. բանահավաք Սարգիս Քամալյանը նշել է. «…Կամուրջը 3 ահագին կամար ունի և լայնանիստ սներ, որոնց մեջը դատարկ է, ծառայում է իբրև պահեստատեղի: Մեջտեղի ոտը երկու կողմից դռներ ունի: Կամուրջը խախտված է, չի բանում…: …տեղը կոչվում է Խննալու կամ Խլխանա» __11. Եղ. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (ԳԱԹ), Ս. Քամալյանի ֆ., տետր № 1, VI-11, թ. 35: Ի դեպ, “Очерки по истории Азербайджана” անստորագիր հոդվածում զետեղված է կամրջի կանգուն վիճակը ներկայացնող լուսանկարը (” Известия АН Аз. ССР”, 1946, № 5, с. 95)::
1980 թ. մեր այցելության ժամանակ գետի երկու ափերին տակավին պահպանվել էին կամրջի աջափնյա և միջին խելերի մնացորդները: Հիմնամասերը կառուցված են եղել հավասար շարքերով ձգվող սրբատաշ բազալտի մեծակտոր քարերով, իսկ մյուս հատվածները՝ աղյուսով:
Թռիչքի երկարությունը 8,80 մ է, անցուղու լայնությունը` 4,23 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 40՛49՛59.18՛՛, E 45՛40՛40.49՛՛: