ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Քարավազի Նոր (Խուդափերինի) կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում` Դիռի լեռան ստորոտում` Արաքս գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 246 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛09՛02.01՛՛, E 46՛56՛24.01՛՛:

Հետագայի վերակառուցումների հետքերի համաձայն` ԺԲ-ԺԳ դարերի կառույց է: ԺԶ դարում հիշատակվում է օսմանյան պետության սահմանների մատնանշման առիթով. «Եւ մինչև ի Խուդաֆրին ունէին ընդ իշխանութեամբն իւրեանց» __11. Առաքել Դաւրիժեցի, Գիրք Պատմութեանց, Երևան, 1990, էջ 57:: 1805 թ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ 1817 թ. գերմանացի դիվանագետ Մորից ֆոն Կոցեբուն նշել է. «…գեներալ Ցիցիանովը տասներկու հազար մարդոց հետ և մի քանի թնդանոթներով գնաց Աբբաս Միրզայի դեմ և կատարյալ պարտության մատնեց նրան: Թագավորը [Ֆաթ Ալի Շահ], որ մի մեծ բանակի գլուխ անցած գտնվում էր Արաքսի այս կողմը, ծայրահեղ շտապանքով նահանջեց գետի մյուս ափը, և նույնիսկ քանդեց Հուդերապինի (Huderapin) գեղեցիկ կամուրջը, որ տակավին ավերակ է» __22. Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, Զ, Երևան, 1934, էջ 520::

1890-ականների սկզբներին նշվել է. «…վարի կամուրջն հիմնարկուած է նոյնպէս բնական վէմ քարերի վերայ, որ ունի տասնհինգ աչք, որոց ոտքերն շինուած են քարով և թաղերն` թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցեխով» __33. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 62:: 1975-1977 թթ. ընթացքում իրականացված ուսումնասիրություններից երևում է, որ կամրջի 15 թռիչքներից ամենաերկարն ունեցել է 8,80 մ երկարություն, իսկ ամենակարճը` 5,80 մ __44. Мамедзаде К., Строительное искусство Азербайджана, Баку, 1983, с. 46.: