Ժողովրդական և արտադրական կառույցներ

Բնակելի և հասարակական բնույթի շենքերը Ջավախքում մեծ թիվ են կազմում: Բազմաթիվ գյուղերում ցայժմ պահպանվել են ԺԹ դարում կառուցված բնակելի համալիրներ՝ բաղկացած «հազարաշեն» հորինվածքով գլխատնից, թոնրատնից, մարագից, գոմից և օժանդակ այլ շինություններից: Առանձնապես ուշագրավ են տան շեն լինելը խորհրդանշող բուխարու կամ օջախի քանդակազարդ, երբեմն նաև արձանագիր քարերը: Ճարտարապետական բարձրարվեստ կառույց է Կումուրդոյում 1898 թ. Մարտիրոս աղա Վարդանյանի կառուցած և առ այսօր միանգամայն անխաթար պահպանված բնակելի տունը __2020. Մանրամասները տե՛ս սույն աշխ., էջ 313, 334: :

Ջավախքում ձիթհաններ եղել են գրեթե բոլոր բնակավայրերում, իսկ ջրաղացներ՝ ջրի բավարար քանակություն և անկում ունեցող վայրերում: Արտադրական այդ կառույցների մեծ մասն ավերվել է խորհրդային տարիներին: Հիմնականում պահպանվել են միակտոր մեծաչափ անվաքարերը: Գեղարվեստական հարդարանքով առանձնանում է Սաթխայի ձիթհանի քարը (ԺԹ դ.), որի վրա պատկերված է ուղտերի քարավան: