Հնագիտական

Երկրամասի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով: Տարբեր ժամանակներում պատահականորեն հայտնաբերված հնագիտական գտածոները լույս են սփռում երկրամասի վաղ շրջանի պատմության վրա: Դրանցից են Թոթխամ գյուղում, մի բնակելի տան շինարարության ժամանակ հայտնաբերված Ա դարի երկրորդ կեսով թվագրվող ապակյա գեղազարդ սափորները: Հնավայրի տարածքի ավերված մի դամբարանից 1960-ական թթ. սկզբներին հայտնաբերվել են արձանիկների բեկորներ և հնագիտական այլ իրեր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գտածո նյութերը վերաբերում են մ.թ.ա. Ը-Զ դդ. և պատկանում են Արարատյան (Ուրարտու) թագավորության մշակույթին:

Ուշագրավ է Բարալեթից դեպի Կոթելիա տանող ճանապարհին` Մոխրաբլուր (վրաց.` Նացարգորա) հնավայրում հայտնաբերված, մ.թ.ա. Ա հազարամյակով թվագրվող աստղագիտական բրոնզե օրացույցը:

Դիլիսկա բնակավայրի տարածքում պահպանված հնագիտական հուշարձանները վկայում են, որ գյուղը բնակեցված էր վաղնջական ժամանակներից: Այդ է փաստում գյուղամիջի «Գոգոլի սուրբ» ուխտատեղիում պահպանված, մ.թ.ա. Բ-Ա հազ. թվագրվող ֆալլուսը: