Ճարտարապետներ Սամվել Այվազյան և Աշոտ Հակոբյան

Պատմական հուշարձանների վերականգնումըՀՃՈՒ հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ

ՀՃՈՒ հիմնադրամի աշխատակիցներ՝ ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Աշոտ Հակոբյանը համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային Ժառանգության «Միրասե Ֆարհանգի» պետական կազմակերպության Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի հետ (բաժնի պետ` Շերլի Ավետյան)՝ կատարել են հայկական պատմական հուշարձանների վերականգնման բնագավառում հետևյալ հեղինակային աշխատանքները:

«Անդրեորդի» (Հովվի) եկեղեցի. Հին Ջուղա

2012-2013 թթ. Հին Ջուղայի «Անդրեորդի» (Հովվի) եկեղեցու (ժամանակին պայթեցված և ոչ նախնական տեսքով մասնակի վերակառուցված) վերականգնման համար կատարվել են հետազոտական, չափագրական աշխատանքներ, մշակվել է եկեղեցու ամբողջական և նախնական տեսքով վերականգնման նախագիծ, որը «Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» համահայկական մրցույթ-ցուցահանդեսում արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի:

2014-2015 թթ. Ընթացքում Սամվել Այվազյանի վերահսկողությամբ իրականացվել են հուշարձանի վերականգնողական շինարարական աշխատանքները և 2015թ.ապրիլի 9-ին տեղի է ունեցել եկեղեցու վերաօծում:

Սբ. Թադեի վանք

2015թ. մասնակի չափագրական և հետազոտական աշխատանքներից հետո մշակվել է սբ. Թադեի վանքի նոր (սպիտակ) եկեղեցու և զանգակատան (ի սկզբանե կառուցվել է միայն առաջին հարկաբաժինը և այդպես էլ առայսօր մնացել է անավարտ) վերանորոգման նախագիծը, որին մասնակցել են նաև ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և կոնստրուկտոր Արտավազդ Արզումանյանը: Ներկայացվել են զանգակատան անավարտ կառույցի ամբողջացման էսքիզ-առաջարկներ:

Դարաշամբի Սբ. Աստվածածին եկեղեցի

Դարաշամբի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման համար 2015թ. կատարվել են չափագրական իսկ 2016թ.՝ հետազոտական աշխատանքներ: Այնուհետև նույն թվականին մշակվել է վերականգնման նախագիծը: Նախագծի կոնստրուկտորներն էին Արտավազդ Արզումանյանը և Վրեժ Ասատրյանը: